«Մանկական եվրատեսիլ 2014»-ի մասնակիցները և ստեղծագործական խումբը փորձի ընթացքում դիտել են Հայաստանը «Մանկական եվրատեսիլ 2014»-ում ներկայացող փոքրիկ երգչուհի Բեթթիի ելույթը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մրցույթի պաշտոնական՝ junioreurovision.tv կայքը գրում է, որ ելույթը չի կարող ավելի ուրախ և գունեղ լինել:
Բեթթին բեմի կենտրոնում է՝ կանգնած արծաթե հարթակին, այնուհետև բեմում հայտնվում են պարողները, որոնք կրում են փայլուն մոխրագույն տաբատներ և ժակետներ, սակայն այն հագուստը, որը մրցույթի ժամանակ կրելու է Բեթթին, դեռ հայտնի չէ: Երգչուհու հետ նույն բեմում, բացի երկու տղա պարողներից, հանդես կգան նաև երեք աղջիկ-ակրոբատներ:
«Մանկական եվրատեսիլ 2014»-ի մասնակից Բեթթին հանդես կգա 12 համարի ներքո, «Արևի մարդիկ» երգով:
«Իմ երազանքն է եղել մասնակցել այս մրցույթին: Երազում եմ հաղթել, որպեսզի հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ»-ն անցնի Հայաստանում: Խոստանում եմ, որ անպայման լավ ելույթ եմ ունենալու, ուրախացնելու եմ բոլորին, անպայման լավ հորիզոնական եմ գրավելու, և մենք հաղթելու ենք: Մրցույթի բոլոր մասնակիցները շատ լավ, ուրախ երգեր ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մալթա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր Բեթթին:
Բեթթիին «Արեւի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:
«Մանկական եվրատեսիլ 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին, Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա: