«Մանկական եվրատեսիլ»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանն անակնկալ է պատրաստել միջազգային հեղինակավոր մրցույթի բոլոր երկրպագուների համար: Փոքրիկ երգիչն իր սեփական մեկնաբանությամբ կատարել է «Եվրատեսիլ-2015»-ի հաղթող, Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովի «Heroes» երգը և տեսանյութ հրապարակել Youtube սոցիալական ցանցում: Երգը կատարելուց առաջ նա նշել է, որ այն հատուկ Եվրատեսիլի երկրպագուների համար է:

 

Թե ինչ երգ կկատարի «Մանկական եվրատեսիլին» այս տարի Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանը բուն մրցույթի ժամանակ, դեռևս հայտնի չէ:

 

12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների: Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել:

 

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից և բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ-2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արեւիկ» խումբը եւ 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:

 

Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին և կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: