«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանը (Միկան) անհամբերությամբ սպասում է, թե երբ է հանրության դատին հանձնելու իր մրցութային երգը եւ տեսահոլովակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փոքրիկ երգիչը:
«Երբ արդեն հայտնի դարձավ, որ այս տարի ես եմ ներկայացնելու Հայաստանը «Մանկական եվրատեսիլ»-ին, շատ ուրախացա, սակայն հենց նույն պահին էլ հասկացա, որ ամբողջությամբ փոխվելու է իմ առօրյան: Փաստորեն չէի սխալվում, այժմ ողջ օրը նկարահանումների եմ, ձայնագրությունների, փորձերի, հանդիպումների… Բայց չեմ դժգոհում, քանի որ հասկացել եմ, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց: Քանի որ իմ երազանքն արդեն իրականություն է, պետք է ամեն ինչ անել, որ գոհացուցիչ լինի նաեւ վերջնական արդյունքը»,-նշեց Միկան:
Նրա խոսքով`եվրատեսիլյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում: «Հուսով եմ` մարդիկ այն կսիրեն»,-հավելեց նա:
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: 12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:
Միքայելը 2012 -ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2013 -ին մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային «Golden Sparkles» մրցույթ-փառատոնին, որտեղ նա միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաեւ արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին:
2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը: Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում, 7-րդ դասարանում:
Միքայելը նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել եւ հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր եւ ֆիլմեր:
2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաեւ հեռուստատեսային աշխարհում եւ սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:
Հայաստանի ներկայացուցիչն այս տարի կներկայացնի ռոքնռոլ ժանրի երգ, որը թարմություն է եւ նորություն մրցույթի հայաստանյան մասնակցության պատմության մեջ: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելո վ նրանց բարձր պարային տրամադրություն: Երգը կկրի «LOVE/Լավ» խորագիրը: Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 15–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա:
Երգի տոնն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: