«Մանկական նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանն օգոստոսի 16-ին՝ մրցույթի առաջին օրը, հանդես է եկել Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգով և հնարավոր 55 միավորից ստացել 54-ը: Դավթի ելույթը 11 միավորով չի գնահատել ժյուրիի անդամներից միայն մեկը՝ երգիչ Ալեքսանդրո Սաֆինան:

 

Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ Դավիթը կարողացավ շատ լավ ներկայացնել երգը: «Այս պահին Դավիթն առաջատարներից է, և հաջորդ անգամ լավ հանդես գալու դեպքում լավ հորիզոնական կունենանք: Հանդիսատեսը շատ լավ դիմավորեց Դավթին: Շատ մասնակիցներ կային, որ մտածում էինք, որ բարձր միավորներ կստանան, սակայն համերգի ժամանակ չկարողացան թողնել նույն տպավորությունը, ինչ փորձերին»,-նշեց Գրիգոր Կյոկչյանը: Նա ընդգծեց, որ այժմ 55 միավորով առաջատար է Ուկրաինան ներկայ ացնող Անդրեյ Բոյկոն: «Եթե այսօր մրցույթին քաղաքական լուծումներ չտրվեն, մենք լավ հորիզոնական կունենանք»,-նշեց նա:

 

Դավթի երաժշտական պրոդյուսերն ընդգծեց, որ ժյուրիի կազմում հանդես են գալիս անվանի արտիստներ Ալեքսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում է մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը: Նրա բնորոշմամբ՝ մրցույթի բացման արարողությունն իսկական տոն էր, որին ելույթ ունեցան նաև ռուսական էստրադայի աստղերը:

 

Մրցութային երկրորդ օրը՝ օգոստոսի 17-ին, Դավիթը հանդես կգա առաջին համարի ներքո, Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգով: «Ես Դավթին ասել եմ, որ երգչի համար ամենալավ բանը լավ երգելն է՝ անկախ ամեն ինչից: Չեմ թողնում, որ չափից շատ ոգևորվի առաջին օրվա արդյունքներից, որովհետև ևս մեկ ելույթ կա»,-հավելեց Կյոկչյանը: «Մանկական նոր ալիք-2014» երաժշտական մրցույթն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթն անցկացվում է օգոստոսի 16-18-ը:

 

«Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվեն մրցանակաբաշխության, բացման ու փակման հանդիսավոր արարողություններ:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:


«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում է

Ռոզա Գրիգորյանը