«Մանկական Նոր ալիք-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը ժամեր անց կլինի Ղրիմում:«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մանկական Նոր ալիք»-ի այս տարվա մեր պատվիրակը նշեց, որ ընդհանրապես չի հուզվում:

 

«Գնում եմ, որպեսզի հաղթանակով վերադառնամ, լավ ելույթ ունենամ: Նման ցանկություններ ունեմ: Հուզված չեմ, ինչու՞ հուզվեմ, շատ լավ պատրաստ եմ: Ծնողներս ինձ խորհուրդ են տալիս, որ չհուզվեմ բեմի վրա, ասում են, որ ամենակարևորը լավ ելույթն է: Լավ ելույթն էլ իր
հետ հաղթանակ է բերում»,- ասաց Դավիթը:

 

Դավթի մայրիկը՝ Արմինե Վարդանյանն ընդգծեց, որ ամբողջ ընտանիքը մարտական է տրամադրված: «Հույսով գնում ենք, որ ամեն ինչ լավ լինի: Տեսնենք՝ ինչպես կանցնի»,-հավելեց Արմինե Վարդանյանը:

 

Երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի խոսքով, Դավիթն, ի տարբերություն շատ այլ երեխաների, կարողանում է բեմում ինքն իրեն հավաքել և լավագույնս ու առավելագույնս դրսևորվել: «Դավթին մաղթում եմ, որ լավ տրամադրություն ունենա և հանկարծ չհիվանդանա:


Այդ դեպքում, կարծում եմ, հաջողություն կլինի: Միշտ նրան հորդորում եմ, որ պարզապես լավ ելույթ ունենա, և արդյունքները կքննարկվեն ելույթից հետո: Մաղթում եմ, որ հաջողությունը մեր կողքին լինի, և ամեն ինչ լավ կլինի: Իսկ ինչ վերաբերում է արդյունքներին, փաստենք, որ կա նաև մարդկային գործոն, կա համակրանքի, երկրի և պատվիրակության՝ ներկայանալի լինելու խնդիր»,-մեզ հետ զրույցում նշեց
Գրիգոր Կյոկչյանը:

 

«Մանկական Նոր ալիք-2014» երաժշտական տոնը կանցկացվի Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում, օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվի մրցանակաբաշխության ու փակման արարողություն: Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին` Մոսկվայում: