«Մանկական նոր ալիք 2014» մրցույթին Հայաստանը ներկայացնող Դավիթ Վարդանյանը մրցութային առաջին օրը հավաքել է 54 միավոր և երկրորդ տեղում է: Ժյուրիի 4 անդամները՝ Իգոր Կրուտոյը, Լև Լեշչենկոն, Նյուշան և Ֆիլիպ Կիրկորովը, նրան տվել են առավելագույն 11 միավորը և միայն Ալեսանդրո Սաֆինան է մեր մասնակցին տվել 10 միավոր: Այս պահին առաջին տեղում Ուկրաինայի ներկայացուցիչն է՝ Անդրեյ Բոյկոն:

 

 

Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը ESem.am-ին հայտնեց, որ պատանի երգիչն արդեն հաղթահարել է առողջական խնդիրներն ու իրեն լավ է զգում: «Դավիթը շատ լավ երգեց. դա բոլորն էին փաստում»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ այս մրցույթում երգչից կախված է միայն լավ երգելը, ինչն էլ արել է մեր ներկայացուցիչը:  

 

Մրցութային առաջին օրը Դավիթը ներկայացել է Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» ստեղծագործությամբ: Նշենք, որ մրցույթի ստեղծագործական կազմը 2 օր առաջ էր որոշել, որ Դավիթը պետք է ներկայանա այս երգով:

 

 

Ըստ վիճակահանության՝ մեր ներկայացուցիչը մրցութային երկրորդ օրը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո: Գրիգորը հույս հայտնեց, որ դա չի խանգարի նրան: «Սովորաբար Դավիթը չի հուզվում, բայց այս համերգին, երբ մեծ էկրանով հետևում էի նրա ելույթին, աչքերում հուզմունք նկատեցի:

 

Կարծում եմ՝ դա բնական է. և վաղը նա ավելի ազատ կլինի բեմում»,- ասաց Գրիգորը և ավելացրեց, որ այս անգամ պատանի երգիչը կներկայացնի Բրունո Մարսի “Locked out of heaven” ստեղծագործությունը:

ESem.am-ը հաջողություն է մաղթում Դավթին:)

 


Հաջողություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը