Հայաստանը «Մանկական նոր ալիք-2014» մրցույթում այս տարի կներկայացնի 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Ղրիմում օգոստոսի 16-18-ն անցկացվելիք տոնին պատանին կմեկնի մարտական տրամադրությամբ և հաղթական դափնին Հայաստան բերելու ակնկալիքով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Վարդանյանն ասաց, որ սկսել է երգել չորս տարեկանից` «Արևիկ» համույթում: «Նախորդ տարի ևս մասնակցել եմ «Մանկական նոր ալիք» մրցույթին, բայց չեմ անցել մոսկովյան փուլը: Բացի այդ, մասնակցել եմ «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան նախընտրական փուլին և գրավել երկրորդ տեղը: Այս տարի նույնպես չհանձնվեցի և փորձեցի մասնակցել «Նոր ալիք»-ին և, վերջապես, անցա եզրափակիչ: Շատ հպարտ եմ և շնորհակալ բոլորին` ինձ սիրելու և աջակցելու համար»,-նշեց Դավիթ Վարդանյանը:
Պատանի երգիչը Մոսկվայից Հայաստան է վերադարձել վառ տպավորություններով: «Այնտեղ շատ լավ էր, հատկապես սիրում էի երեկոները, երբ ընկերներով ուրախանում էինք»,-վերհիշում է Դավիթը:
Փոքրիկ երգիչը «Նոր ալիք»-ում հաղթելու մեծ ցանկություն ունի և հավատ: «Ցանկանում եմ գնալ և շատ լավ ելույթ ունենալ, որպեսզի բոլորին դուր գա: Ինչու ոչ` հաղթելու համար եմ գնում»,-փաստեց Դավիթ Վարդանյանը: Թե ինչ երգեր կկատարի երգիչը Ղրիմում` դեռևս հայտնի չէ, քանի որ իր կողմից մրցույթին ներկայացված երգերի ընտրությամբ զբաղվում է պրոֆեսիոնալ ժյուրին: Դավիթը սիրում է դասական երաժշտություն, երգիչներ Լուչիանո Պավարոտիին, Անդրեա Բոչելիին, նվագում է դաշնամուր: Տղային հոգեհարազատ է նաև էստրադային, փոփ, ջազային երաժշտությունը:
Այժմ պատանին սովորում է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, կոմպոզիցիա ուսանում Ստեփան Շաքարյանի մոտ: «Միշտ պետք է խոնարհվեմ նրա առջև: Նա այնքան է ցանկանում, որ ես մեծ կոմպոզիտոր դառնամ, այնպիսին, ինչպիսին ինքն է: Շատ բան ունեմ իրենից սովորելու»,-իր ուսուցչի մասին մեծ ոգևորությամբ է խոսում պատանի երգիչը:
Դավիթի մայրիկը` Արմինե Վարդանյանը վերհիշում է, որ իր տղան փոքր հասակից պնդում էր, որ գնալու է «Եվրատեսիլ» և հաղթելու է: Մայրիկը շատ է հուզվում, երբ իր երեխան մասնակցում է մրցույթների: «Ես ավելի շատ հուզվում եմ, երբ նա երգում է, մտածում եմ, որ ամեն ինչ իդեալական լինի, որովհետև նա կարող է դա»,-փաստեց նա:
«Մանկական նոր ալիք» մրցույթիից առաջ ծնողները Դավիթին հորդորում են լինել ուժեղ. «Դու ազգն ես ներկայացնում, պետք է հնարավորինս ամեն ինչ անես և լավ դրսևորես քեզ»:
«Հնարավոր է, որ երեխան հաղթի, որովհետև ժյուրիի անդամները ևս հավանում են նրան: Իր խորհուրդներով մեզ է օգնում նաև «Արցախի ձայներ» համույթի ղեկավար Լիրա Քոչարյանը»,-հավելեց Արմինե Վարդանյանը:
Դավիթն այս տարի էլ հավանաբար կփորձի մասնակցել հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին: Հույս ունի, որ այս անգամ գոնե կհաջողվի հաղթել, և ինքը Հայաստանը կներկայացնի նաև այդ մրցույթում: