«Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով junioreurovision.tv կայքը, մեկ շաբաթից պակաս է մնացել հայաստանյան հեռարձակող Հայաստանի առաջին ալիքին այս տարվա «Մանկական Եվրատեսիլ»-ի համար երգ ներկայացնելուն:



Մինչ այս հայկական հեռուստաընկերությունը ստացել է 53 հայտ: «Ներկայացվածների թիվն օրեցօր աճում է, և սովորաբար նրանցից շատերը հայտերն ուղարկում են վերջին օրերի ընթացքում: Մենք անհամբերությամբ սպասում ենք ավելի լավ երգերի, որպեսզի լավագույններն ընդգրկվեն ազգային ընտրությունում, որը կանցկացվի սեպտեմբերի առաջին կեսին և ուղիղ կհեռարձակվի Հայաստանի առաջին ալիքով»,-ասել է մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ ավելացնելով, որ  «Մանկական Եվրատեսիլ»-ը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանու մ, և երեխաներն ուրախությամբ են ուղարկում իրենց երգերը:

 

«Մանկական Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցները մասնակցել են ֆոտո նկարահանումների, նկարահանվել HAPPYK քաղցր բամբակի գովազդում: Տեսանյութում հնարավոր է տեսնել Դալիթային, Compass Band-ին, Մոնիկա Ավանեսյանին: 

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ Մեր երկիրը ներկայացրել է«Արևիկ» խումբը, որը գրավել է երկրորդ հորիզոնականը ընդամենը 1 միավոր տարբերությամբ։ 2008-ին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Լուարա Հայրապետյանը իր «Բարսելոնա» երգով 2009 թվականին Կիևում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 2010-ին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղթանակ բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանում։ Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ 2012-ին Compass Band-ը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականն իր «Sweetie Baby» երգով։ 2013-ին Մոնիկա Ավանեսյանը գրավեց 6-րդ հորիզանականը: