«Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Բեթթին վատառողջ է, սակայն փորձելու է ամեն ինչ անել լավ հանդես գալու համար:«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Մալթայից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դահլիճը, որտեղ անցկացվում է «Եվրատեսիլ»-ը, նավաշինարարական տարածք է:


«Տարածքը շատ քամոտ է, և այնքան էլ հարմարեցված չէ համերգասրահի ստանդարտներին, բայց այդ նույն տարածքում օրական երկու ամբողջական համերգի փորձ է կատարվում: Բեթթին փորձերի առաջին օրերին շատ լավ ելույթ ունեցավ, սակայն ծովային քամիներն իրենցն արեցին՝ ջերմություն, հարբուխ:


Փառք Աստծո, որ մեր կողքին էր Բելառուսի պատվիրակությունը, որն աջակցում էր մեզ նույնիսկ գիշերը: Մեզ շատ է օգնում նաև Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանը: Մենք շրջապատված ենք հոգատար մարդկանցով, մնում է, որ մեզ հետ լինի մեր հայրենակիցների հոգատարությունը և աջակցությունը՝ իրենց ջերմ խոսքերով և քվեարկությամբ»,- նշեց Գոհար Գասպարյանը:   

 

Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ Բեթթին կկարողանա ուժերը հավաքել և լավ ելույթ ունենալ՝ թեև ջերմություն և մրսածություն ունի:

 

«Մենք հավատում ենք Բեթիի ներսի արևին: Մեր պատվիրակության բոլոր երեխաներն այս օրերին հիացրել են բոլորին իրենց պարային, ակրոբատիկ ունակություններով, բոլորը խոսում են հայ երեխանների մասին, ասում են, որ պարողները լավն են, և Բեթթին ունի ամենահամով ծիծաղը: Մեզ համարում են ֆավորիտ»,- հավելեց նա:

 

«Մանկական եվրատեսիլ»-ը կանցկացվի այսօր` նոյեմբերի 15-ին, Մալթայում: Հայաստանը մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով: Նա ելույթ կունենա 12-րդ համարի ներքո:  Մրցույթի ընթացքում մեր երկրի միավորները կհայտարարի «Մանկական եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը: Իրադարձությունը կմեկնաբանի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Այն կարելի է դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 15-ին` ժամը 21:40-ին, կամ լսել Հանրային ռադիոյով՝ Երևանում 107.7 հաճախականությամբ:


Փոքրիկ Բեթթիին «Արևի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: 


Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: Մրցույթն այս տարի կանցկացվի #together (միասին) կարգախոսի ներքո:


Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խարհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արևամուտը: