Վերջին շրջանում «Իմ աշխարհ» երգի տեսահոլովակով հայ հանդիսատեսին ներկայացած ռուսաստանաբնակ երգիչ Նշան Հայրապետյանը ESem.am-ի հետ զրուցել է շոու բիզնես մուտք գործելու, ընտանիքի, նոր ձայնասկավառակի և տեսահոլովակի մասին: Երգչի հետ զրույցը` ստորև:
-Նոր-նոր ես քայլեր անում շոու բիզնեսում և հանդիսատեսը դեռ քեզ լավ չի ճանաչում:Ինչո՞վ ես զբաղվել մինչ շոու բիզնեսում հայտնվելը:
- Նախքան շոու բիզնես քայեր անելը զբաղվել եմ շախմատով: Բոլորը կարծում էին` պրոֆեսիոնալ շախմատիստ եմ դառնալու, սակայն, երգարվեստի նկատմամբ սերն ավելի ուժեղ գտնվեց ու փոխեց ուղիս:
- Այս հարցում ո՞վ օգնեց քեզ:
- Երգել սկսել եմ 5 տարեկանից, դրանով ավելի պրոֆեսիոնալ զբաղվել եմ զինվորական ծառայությունից հետո, երբ մոսկովյան ռեստորաններից մեկում աշխատելու հրավեր ստացա: Երաժշտական կարիերաս սկսել եմ ռեստորանում երգելուց. ինձ այստեղի հայերը հենց ռեստորանից են ճանաչում:
- Այսինքն` ռեստորանային երգիչ ես:
- Ոչ, ռեստորանային երգիչ ինձ չեմ համարում, քանի որ արդեն 5 տարի է` որևէ ռեստորանում չեմ աշխատում: Ըստ իս` յուրաքանչյուր երգչի համար ռեստորանում, կենդանի նվագակցությամբ աշխատելը բավականին մեծ փորձի ձեռքբերում է:
- Ի՞նչը քեզ գրավեց շոու-բիզնեսում:
- Շոու բիզնեսով երբեք տարված ու հետաքրքրված չեմ եղել, ես պարզապես զբաղվում եմ իմ սիրած գործով և այն ներկայացնում եմ իմ հայրենակիցների դատին:
- Ո՞րն է եղել քո առաջին երգն ու տեսահոլովակը:
- 10 տարի ռեստորանում երգելուց հետո ցանկություն առաջացավ տեսահոլովակ նկարահանել: Առաջին տեսահոլովակս նկարահանվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված «Փառք Սպարապետին» երգի հիման վրա, որի խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությունն էլ գրել է իմ լավ ընկերը՝ երգիչ Սահակ Ավետյանը: Իմ երգերը բազմաժանր են. հայրենասիրական երգերից մինչև սիրո մասին քնարերգություններ:
- Ինքդ քո երգերը լսո՞ւմ, հավանո՞ւմ ես:
- Իհարկե: Կարծում եմ՝ մինչ հանդիսատեսի դատին նոր գործ հանձնելը, յուրաքանչյուր կատարող պետք է ինքը լսի ու գնահատի իր աշխատանքը: Պետք է ինքդ անկեղծորեն սիրես և հավատաս քո ստեղծածին, այլապես այն ի սկզբանե անհաջողությամբ կպսակվի:
- Քննադատդ կամ առաջին խորհրդատուդ ովքե՞ր են:
- Ընկերներս և կինս. նրանց կարծիքը մեծ նշանակություն ունի ինձ համար: Ասեմ, որ ցանկացած առողջ քննադատության շատ լուրջ եմ վերաբերում, ընդունում եմ, եթե դրա մեջ ճշմարտության հատիկ եմ տեսնում:
- Ընտանիքիդ մասին կպատմե՞ս: Նշեցիր, որ ամուսնացած ես, ո՞վ է կինդ, ինչո՞վ է զբաղվում:
- Ծնվել եմ երաժշտագետների ընտանիքում: Սերը դեպի երգն ու երաժշտությունը ժառանգել եմ հորիցս: Մայրս տնային տնտեսուհի է: Կինս` Լիլիթը, այս պահին նույնպես տնային տնտեսուհի է: Նրան վաղ մանկության տարիներից եմ ճանաչում, միասին մանկապարտեզ, այնուհետև դպրոց ենք հաճախել:
8-րդ դասարանում զգացի, որ այն, ինչ զգում եմ նրա հանդեպ, ավելին է, քան ընկերական սերը. այդպես առաջարկություն արեցի :) Երկարատև պայքարից հետո ստացա նրա դրական պատասխանն ու սկսեցինք ընկերություն անել: Բանակից վերադառնալուց հետո նշանվեցինք, և 2001 թվականից մինչ օրս երջանիկ ապրում ենք մեր երկու հրաշքների` Վրեժի ու Նարեի հետ, ովքեր դպրոցական են:
- Հետաքրքրություններիդ մասին կպատմե՞ս: Ինչո՞վ ես սիրում զբաղվել:
- Շատ եմ սիրում բիլիարդ խաղալ :) Եթե ազատ ժամանակ եմ ունենում ընկերական և ընտանեկան ջերմ միջավայրում եմ անցկացնում:
- Գիտենք, որ Հայաստանում չես բնակվում, հայրենիք վերադառնալու մտադրություն չունես:
- Արդեն 15 տարի է` բնակվում եմ Մոսկվայում: Չնայած դրան` հայրենիքի հետ կապս շատ ամուր է: Գրեթե ամեն ամիս լինում եմ Հայաստանում, այլ կերպ չեմ կարող, կարոտում եմ հայրենիքս: Մշտական բնակության նպատակ դեռ չունեմ, սակայն, ինչպես արդեն նշեցի, շատ հաճախ եմ Հայաստան գալիս: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ անցյալ ամսի 29-ին, և մի քանի օրից նորից պատրաստվում եմ հայրենիք այցելել:
- Միայն հայ հանդիսատեսի համար ես աշխատում, թե նաև տեղական` մոսկովյան:
- Աշխատում և ստեղծագործում եմ հայ հանդիսատեսի համար առհասարակ, կապ չունի նրանք Հայաստանում են ապրում, թե սփյուռքում:
- Առաջիկա ծրագրերիցդ կխոսե՞ս:
- Ծրագրերը շատ են, հիմա աշխատում ենք նոր տեսահոլովակի վրա, առաջիկայում սպասվում է նաև ձայնասկավառակի շնորհանդես:
Զրուցեց Մերի Պողոսյանը