Լուրեր.com-ի զրուցակիցն է սիրված երգիչ Տիգրան Ասատրյանը:

 

-Ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք երգել։

- Երգել եմ դեռ վաղ տարիքից, և երգն իմ կյանքի անբաժան մասնիկն է եղել: Ասեմ նաև, որ ես ծնված օրվանից, երբ աչքերս բացել եմ, ականջներս երգի ձայներ են լսել, քանի որ մեր ընտանիքում միշտ երգ ու երաժշտություն է եղել: Սկզբում Մշից ու Ալաշկերտից եկած տատիկիս ու պապիկիս շուրթերից էր հնչում հայ երգը, իսկ հետո հայրիկիս՝ Արամ Ասատրյանի: Բայց բեմելս եղել է 2003 թվականին' հայրիկիս ծննդյան 50-ամյա հոբելյանին նվիրված երեկոյին, երբ կատարեցի նրա երգացանկից «Ինչքան մնամ կարոտ» երգը, ինչը, ի դեպ, մեծ անակնկալ եղավ նրա համար։

 

-Երգելու տաղանդը Ձեզ ի վերո՞ւստ է տրված, թե՞ ,այնուամենայնիվ , ունեք երաժշտական կրթություն:

-Երգելու տաղանդն ինձ ի վերուստ է տրված. այն ինձ ժառանգաբար է փոխանցվել, և ես մեծ սրբությամբ եմ կրում ու բարձր պահում Ասատրյան ազգանունը: Երգում եմ այն երգերը, որոնք հայրս կերգեր այսօր, եթե կենդանի լիներ: Նաև ասեմ, որ ես դպրոցում սովորելու տարիներին սովորել եմ նաև Էջմիածնի «Կենցաղի տուն» երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, տարիների ընթացքում տարբեր մասնագետների մոտ վոկալի դասեր եմ առել ու այսօր էլ եմ հաճախում վոկալի դասընթացների:

 

-Ավելի քան 10 տարի է, ինչ մեծ բեմում եք: Ի՞նչ հաջողություններ ունեք:

-Այո, ես 10 տարի է՝ երգում եմ. մինչ օրս թողարկել եմ 4 ձայնասկավառակ, առաջինը թողարկեցի 2003-ին, որն «Ինչքան մնամ կարոտ» ձայնասկավառակն էր, այնուհետև՝ «Սիրո հետքերով», «Ուզում եմ սիրես»: Բոլորովին վերջերս թողարկեցի «Time» խորագրով իմ նոր ձայնասկավառակը: Ունեմ արդեն նկարահանած 15 տեսահոլովակ, որից երկուսը նկարահանվել են բոլորովին վերջերս։

 

 

-Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար։

Ես ամեն ինչ անում եմ, որ ամեն անգամ իմ հանդիսականին ներկայանալիս ներկայանամ յուրովի ու ինքնատիպ։ Ասեմ, որ այս անգամ էլ ունեմ նորություն՝ 2 նոր տեսահոլովակ, որոնց նախապատրաստական աշխատանքներով էի զբաղված։ Ասեմ նաև, որ շուտով պատրաստվում եմ թողարկել իմ հայրիկի երգերից կազմված ձայնասկառավառակ, ինչպես նաև՝ արդեն հաջորդ տարվա փետրվարի 16-ին կմասնակցեմ Նյու Յորքում կայանալիք Big Apple մրցանակաբաշխությանը։

 

-Մի փոքր կպատմե՞ք նոր երգի տեսահոլովակի ստեղծման մասին։

-Նոր երգի հեղինակն է երաժիշտ, երգահան, մեր ընտանիքի լավ բարեկամ Լևոն Աբրահամյանը։ Երգը բոլորովին նոր երգ է և գրվել այս տարվա ամռանը։ Ի դեպ, ասեմ նաև, որ երգը դեռ պատրաստ լինելուն պես էինք ներկայացրել, և բազմաթիվ արձագանքներից ելնելով՝ ասեմ, որ այն շատ սիրվեց թե՛ այստեղ՝ Ամերիկայում, թե՛ Հայաստանում։ Այդ իսկ պատճառով շատ արագ որոշեցինք, որ հենց այս երգի հիման վրա պետք է նկարահանվի տեսահոլովակ, ապա միայն «Ուզես թե չուզես» երգի համար նկարահանեցինք տեսահոլովակ, որն արդեն կներկայացնենք եկող տարվա սկզբին։ Ի դեպ, ասեմ, որ այս երգը ժամանակին երգել է հայրս, ով նաև այդ երգի խոսքերի հեղինակն է, իսկ երաժշտության հեղինակն է Լևոն Աբրահամյանը։ Որևէ փոփոխության երգը չի ենթարկվել, միայն գործիքավորումն է թարմացվել Լևոն Աբրահամյանի ու Խաչիկ Սահակյանի շնորհիվ։

 

-Տեսահոլովակի նկարահանումների աշխատանքից մի փոքր պատմեք:

-Նախ ասեմ, իմ հրավերով՝ Հայաստանից ժամանել էր իր գործի մեծ վարպետ ռեժիսոր Արեն Բայադյանը, ում էլ վստահեցի իմ նոր երգերի տեսահոլովակի նկարահանումը։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի ունեցան Լոս Անջելեսի 9 տարբեր վայրերում, և նրանց, բացի 100-ից ավելի դերասաններից, մասնակցել են նաև իմ երեխաները։ Երգն ինքնին ուրախ ու ռիթմիկ է, որի ելևէջներից, կամա թե ակամա, ուզում ես պարել։ Շատ գունեղ ու պարային տեսահոլովակ է, որն ունի իր ամեն մի վայրկյանի գեղեցիկ լուծումը, իհարկե, շնորհիվ Արենի և մեր ընտրած պրոֆեսոնալ թիմի և իմ բոլոր լավ ընկերների, ովքեր ջանք չխնայեցին իմ կողքին լինելու և ինձ աջակցելու այս 2 տեսահոլավակների ստեղծման հարցում։ Հատուկ շնորհակալ եմ նաև Լևոն Աբրահամյանին, Արեն Բայադյանին, Գևորգ Ճուղուրյանին, Աիդա Ղարախանին և Nicole Bakti։

 

-Հետաքրքիր է նաև իմանալ՝ Ձեր երգացանկից ո՞ր երգը Ձեզ բերեց հաջողություն:

- «Հայի սիրուն աչքեր» երգն էր, երբ ես այն կատարեցի 2009 թվականին: Այն ինձ միանգամից բերեց մեծ ճանաչում ու հաջողություն, և դարձավ իմ այցեքարտը:

 

-Առաջիկայում չե՞ք պատրաստվում մենահամերգ ունենալ։

-Մեծ ցանկություն ունեմ, որ իմ առաջին ու մեծ մենահամերգը լինի իմ հայրենիքում՝ իմ հայաստանյան երկրպագուների համար, բայց Հայաստան գալս ուշանում է այստեղի իմ զբաղվածության պատճառով: Երբ ավարտին հասցնեմ իմ բոլոր անավարտ աշխատանքները, կլինեմ իմ հայրենիքում։