Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով հեռոստադիտողներին հայտնի է «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» սերիալներից, ընտրյալ ունի և պատրաստվում է իր կյանքի կարևորագույն քայլերից մեկին:

 

ESem.am հետ զրույցում Տաթևը ոչ միայն բացահայտել է սիրելիի ով լինելը, այլև պատմել իր այժմյան հոգեվիճակի մասին:

«Ի սկզբանե ցանկանում եմ նշել, որ այժմ այնպիսի հոգեվիճակում եմ, որ կարծես կյանքս կիսվել է երկու մասի՝ մինչև այս և սրանից հետո: Կարծես մինչև նրան հանդիպելը չեմ էլ ապրել. վերածնվել եմ, ժպիտը չի պակասում դեմքիցս: Ուզում եմ բոլորն իմ չափ երջանիկ լինեն, իսկ եթե հնարավոր է` ավելի շատ»,- անկեղծ խոստովանեց սերիալային դերասանուհին:

 

Տաթևի ընտրյալը 35 ամյա Կարենն է: «Պիտի ասեմ, որ ինձ ընդհանրապես չի վախեցնում մեր միջև եղած 12 տարվա տարիքային տարբերությունը, քանի որ կարևորում եմ հարմոնիան, որն ի սկզբանե զգացել եմ,- ասաց նա՝ ավելացնելով,-  առաջին անգամ կյանքում կարող եմ վստահ ասել, որ ես ընտրյալ ունեմ, մարդ, ում կողքին ուզում եմ լինել ողջ կյանքս»:

Սերիալային դերասանուհին նշեց, որ երեկ իր կյանքի ամենալավ ու ամենապայծառ օրերից մեկն է ապրել: «Լսեցի և սիրո խոստովանություն, և այն բոլոր բառերը, որոնք 7-րդ երկինք են հասցնում յուրաքանչյուր աղջկա: Կյանքում դեռ երբեք ինձ այսքան պաշտպանված ու երջանիկ չեմ զգացել. կարծես հեքիաթում լինեմ»,- շեշտեց Տաթևը:

 

Ըստ նրա` քանի որ սիրելին բնակվում է Մոսկվայում, պետք է մինչև նրա մեկնելը հասցնեն նաև նշանվել, որի մանրամասներն առաջինը ESem.am-ը կպատմի: Սարերի հետևում չէ նաև զույգի հարսանիքը:

 

 

Խոսելով ստեղծագործական նորությունների ու առաջարկների մասին` Տաթևն ասաց, որ այս շրջանում երկու առաջարկ ունի: «Մեկը որպես հաղորդավարուհի առաջարկ ունեմ աշխատելու Հ3 հեռուստաընկերությունում, նաև՝ գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ: Ասեմ, որ ինձ շարունակում է ոգևորել նկարահանվելու ցանկությունը, բայց դեռ չգիտեմ՝ ինչպես կստացվի, քանի որ ամոսնությունից հետո ապրելու ենք Մոսկվայում»,- եզրափակեց Տաթևը: