«Քաղաքում» հեռուստասերիալից հայտնի դարձած Մելոն' իրականում Գևորգ Մանուկյանը, նոր եթերաշրջանում էլ շարունակում է նկարահանվել նշված հեռուստասերիալում:
Խոսակցությունները, թե Գևորգն առաջիկայում հանդես կգա այլ հեռուստանախագծում, այդ պատճառով էլ այժմ ավելի պասիվ է «Քաղաքումում» և քիչ է լինում էկրանին, չեն համապատասխանում իրականությանը:
«Այլ հեռուստաընկերությունների նախագծերում ընդգրկված չեմ: «Շանթում» ինձ շատ հարմար եմ զգում և չեմ ցանկանում տեղափոխվել այլ տեղ: Ե´վ «Բանակում», և´ «Քաղաքում» սերիալներում փոքր զբաղվածություն եմ ունեցել նաև սցենարական մասով: «Բանակումից» հետո զբաղվածությունս, որպես այդպիսին, չի փոխվել, ուղղակի հիմա ավելի քիչ եմ երևում էկրանին»,- esem.am-ի հետ զրույցում ասաց Գևորգն ու հավելեց, որ եթե սցենարիստն անընդհատ նույն կերպարների վրա շեշտը դնի, շատ արագ կսպառվի:
Դերասանը, ով ժամանակին խաղացել է Գյումրու թատրոնում, Երևան տեղափոխվելու պատճառով ստիպված է եղել դուրս գալ այնտեղից, սակայն թատրոնից չի հրաժարվել. «Առաջիկայում հետաքրքիր մի նորություն կունենամ, որը կապված է թատրոնի հետ, սակայն այժմ չեմ ցանկանում բացել փակագծերը, քանի որ սիրում եմ խոսել այն ամենի մասին, ինչն արդեն արված է և շոշափելի»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը