«Գոյ» թատրոնի դերասան, հեռուստասերիալներից հայտնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանին ESem.am-ը անդրադարձել է: Տևական ժամանակ է, ինչ դերասանը հեռուստատեսային նախագծերում ընդգրկված չէ, ինչն էլ նրա երկրպագուների շրջանում անհանգստության ալիք է բարձրացրել. խոսակցություններ էին պտտվում, թե Աշոտն առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ ապաքինվում է:
Տարածված բամբասանքներին մեկընդմիշտ վերջ տալու և դերասանի հանդիսատեսին հանգստացնելու համար խոսեցինք վերջինիս հետ, ով ESem.am-ի հետ զրուցեց տևական դադարի, առաջիկա ծրագրերի և անձնական կյանքի մասին: Ինչ վերաբերում է առողջական խնդիրներին' Աշոտը ծիծաղելով նշեց. «Փառք Աստծո, ողջ-առողջ եմ և ոչ մի խնդիր չունեմ»:

 

Դերասանն իր տևական դադարը կապեց նոր հեռուստածրագրերի բացակայության հետ. «Էկրաններին չերևալուս միակ պատճառը նոր հեռուստասերիալների բացակայությունն է: Որպես հյուր մասնակցում եմ տարբեր հաղորդումների, բայց չկա մի այնպիսի ծրագիր, որի կազմում աշխատեմ»:
Դերասանը, խոսելով իր առաջիկա ծրագրերից, նշեց. «Բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր կցանկանան նորից ինձ տեսնել, կարող են հետևել Հանրային հեռուստաընկերության քսան մասից բաղկացած «Հատուկ բաժին» գեղարվեստական ֆիլմաշարին: Բացի այդ, սկսել եմ ֆիլմեր կրկնօրինակել»:

Ըստ Աշոտի' իր գործունեությունն այսքանով չի սահմանափակվում. բացի հեռուստատեսային նախագծերից, ինքը նախկինի պես աշխատում է «Գոյ» թատրոնում, որտեղ ընդգրկված է մի քանի ներկայացումներում: Դերասանը նկարահանվում է նաև Հրաչ Քեշիշյանի նոր' «Ամերիկուհին» գեղարվեստական ֆիլմում' մարմնավորելով գլխավոր դերակատարներից մեկին: Ֆիլմը, հավանաբար, գարնանը կլինի մեծ էկրաններին:
Խոսելով անձնական կյանքից' Աշոտը հերքեից այն լուրերը, թե ինքն ու դերասանուհի Էթերի Ոսկանյանը սիրավեպ ունեն: «Չգիտեմ, որտեղից են նման լուրերը տարածվել: Ես ու Էթերին միայն լավ ընկերներ ենք: Մենք անգամ հաճախ չենք հանդիպում, իրար տեսնում ենք ընկերական ընդհանուր հավաքույթների ժամանակ: Անձնական կյանքումս նորություն չկա, անձնականս' գործնական է դարձել :)»:

Աշոտի փոխանցմամբ' դստերը չի կարողանում հաճախ հանդիպել զբաղվածության պատճառով. «Օրակարգս շատ խառն ու ծանրաբեռնված է, այդ իսկ պատճառով ուշ-ուշ եմ հանդիպում աղջկաս հետ, բայց հնարավորության դեպքում մենք տեսնվում ենք»:

 

Զրուցեց Մերի Պողոսյանը