Ըստ հայտնի խոսքի` հայր դառնալը շատ հեշտ է, հայր լինելն է դժվար, բայց թերևս ոչ մեր զրուցակցի` դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի համար: Դերասանի և նրա 5-ամյա դստեր` Մարիի հետ հանդիպեցինք երևանյան այգիներից մեկում, որտեղ ոչ միայն լուսանկարեցինք նրանց, այլև հետաքրքիր զրույց ունեցանք Աշոտի հետ: Թեև Աշոտը զբաղվածության պատճառով ուշ-ուշ է հանդիպում դստերը, վստահեցնում է` իրենց կապն այնքան ուժեղ է, որ քննարկման ենթակա չէ. «Ուզում եմ վստահեցնել բոլոր տղամարդկանց` աղջիկը պապայի բալան ա»):

 

 

Մարին պապայի պես համառ է 

Հոր ու դստեր իրար լավ հասկանալու ու այդքան շատ սիրելու պատճառներից մեկն էլ բնավորության նույն գիծն ունենալն է. դերասանի խոսքով` Մարին պապայի պես համառ է. «Դա երբեմն դժվարեցնում է մեր հարաբերությունները, բայց որպես գիտակից մարդ` ինքս եմ զիջումների գնում. կարողանում ենք լեզու գտնել ու ամենակարևորը` շատ ենք սիրում իրար»:

 

Ըստ մեր զրուցակցի` ինքն այն ծնողներից չէ, ովքեր խոչընդոտում են երեխաների մասնագիտական ընտրությանը: «Մարիս բավականին տաղանդավոր է. շատ լավ լսողություն ունի: Դեռ երեք տարեկանում Լիդուշիկի երգերից էր կատարում: Բավականին զարմացել էի, որովհետև տոնայնությունը շատ ճիշտ էր, ամեն  ինչը` տեղը տեղին: Մամայի կողմը երաժիշտներ են ու երևի մորից է ժառանգել այդ տաղանդը, չնայած ես էլ լսողությունից չեմ դժգոհում: Դերասանական տաղանդն իր մոտ ևս զարգացած է: Դեռևս չեմ մտածում, թե նա ապագա ով կլինի. թող ինքն ընտրի այն, ինչ ուզում է, ինչն իրենն է»,- նկատեց Աշոտը և անկեղծորեն խոստովանեց, որ չի ցանկանա, որ դուստրը դերասանուհու մասնագիտությունն ընտրի: «Այս ոլորտում դաժան է, դժվար ու չեմ ուզի` ինքն այդ ամենի միջով անցնի: Սակայն, եթե ինքը ընտրի դերասանի մասնագիտությունը, և հասկանա, թե ինչի է գնում, ապա երբեք դեմ չեմ լինի»,- հավելեց նա:

 

 

Դերասանը ESem.am-ի հետ զրույցում նշեց, որ Մարին հիմնականում սիրում է հոր հետ զբոսանքի ու սրճարան գնալ: «Ճիշտ է` դեռ փոքր է ու թանգարաններ, պատկերասրահներ չեմ տանում, սակայն անպայման այս տարիքից տանում եմ Ծիծեռնակաբերդ, որ հասկանա` այնտեղ ինչի համար են գնում: Բայց, քանի որ հիմա ժամանակը նաև սուղ է, աշխատում եմ տանել մորս ու հարազատներիս հետ հանդիպման, որպեսզի նրանց հետ ևս կարողանա շփվել»,-ասաց Աշոտը: Տոնական օրերը դերասանը կարողանում է Մարիի հետ նշել միայն հաջորդ օրը. «Հենց տոնի օրը չենք կարողանում միասին լինել, քանի որ մոր ու նրա հարազատների հետ է նշում, բայց հաջորդ օրն իսկ նվերներով գնում եմ նրա հետևից և միասին նշում իմ հարազատների հետ: Շատ է սիրում «պրինցեսաներով» շորիկներ, որոնցից էլ աշխատում եմ նվիրել. հենց ինքը «պրինցեսա» է»:

 

 

Աշոտի` հագեցած ու ոչ կայուն գրաֆիկ ունենալու պատճառով Մարին դեռևս չի կարողանում երբեմն նաև հոր տանը գիշերել, բայց դերասանի խոսքով` ինքն ամեն բան կանի, որ այդ բացը լրացնի. «Իմ գրաֆիկը անկանխատեսելի է. ուշ եմ գալիս, շուտ եմ գնում: Երբ կոնկրետություն լինի, ու ինքն էլ արդեն մի փոքր մեծանա, կարողանա ինձ մոտ մնալ` արդեն կմտածեմ այդ ուղղությամբ»:

Դերասանի համոզմամբ` երեխային պետք է փոքրուց ազնիվ մարդ մեծացնել, հետո` մնացածը. «Ազնիվ չլինելն ու ստելը տանել չեմ կարողանում: Առաջնահերթ մարդը պետք է մարդ լինի, հետո` մասնագետ, ծնող, մայր…»:

 

Նախկին կնոջս հետ հարաբերություններս նորմալ են

Մեզ հետ զրույցում Աշոտն ասաց, որ  իր ու նախկին կնոջ հարաբերությունները նորմալ են. «Փորձում ենք այնպես անել, որ այդ ամենը չազդի Մարիի վրա, ու ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում այդ հարաբերություններն էլ ավելի կատարելության կհասնեն»:

 

Անձնականի մասին խոսելիս դերասանը ասաց, որ ամեն բան թողել է ժամանակի վրա, որովհետև ամեն ինչ ժամանակն է ցույց տալից: «Շտապելը, Աստծուն ծիծաղեցնելը, սխալ է: Առաջ Աստված, չեմ ուզում ժամանակից շուտ ինչ-որ բաներ պլանավորել, հայտարարություններ անել»:

 

 

Այսօր սերիալ հասկացությունն այլ է 

Ներիկայումս Աշոտը նկարահանվում է «Սիրո գերին» բազմասերիանոց սերիալում: Ըստ նրա` այսօր սերիալ հասկացությունն այլ է: «Առաջվա սերիալ հասկացությունը, որը տևում էր 1-2 տարի, այլևս չկա: Հիմա մի ձեռքի մատների վրա կարելի հաշվել բազմասերիանոց սերիալները»,- ասաց «Գոյի»թատրոնի դերասանը:

 

Նրա խոսքով՝ գեղարվեստական ֆիլմերում նկարահավելու առաջարկներ ևս ունի, սակայն մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ դրանք դեռ կոնկրետ չեն: Դերասանը զբաղվում է նաև կրկնօրինակմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Տալիթա Բաղդասարյանի

 


Դերասանի և դստեր հետ զբոսնեց Քրիստինե Պողոսյանը