Անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երեխան ավելի լավ է յուրացնում լեզուն երկուսից չորս տարեկան հասակում:
Պատճառն այն է, որ հենց այդ ժամանակ է գլխուղեղն ունակ լեզուների նկատմամբ հմտություններ զարգացնել: Ամերիկայի և Բրիտանիայի նյարդաբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոսակցական հմտությունների զարգացման հետ կապված խնդիրները պետք է ախտորոշվեն և բուժվեն սկզբնական շրջանում:
Լոնդոնի Թագավորական քոլեջի և Ռոդ-Այլենդ նահանգում գտնվող Բրաունի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մեկից վեց տարեկան բնականոն զարգացում ունեցող 108 երեխաների գլխուղեղի սկանավորման տվյալները:
Ուսումնասիրության օբյեկտ էր հանդիսանում գլխուղեղում նյարդային հյուսվածքների միելինային թաղանթը, որը ձևավորվում է ծնվելու պահից: Գիտնականները հաստատել են, որ միելինի բաշխումն ավարտվում է չորս տարեկանում: Դա նշանակում է, որ ուղեղը ճկուն է զարգացման ավելի վաղ շրջանում:
Այդ իսկ պատճառով երկլեզու միջավայրում մինչև չորս տարեկանը հայտնվող երեխաները նույնպես սկսում են խոսել երկու լեզվով: Այդ ժամանակահատվածում ուղեղն ավելի դինամիկ է աշխատում՝ 12 ամսական երեխաները բառապաշարում ունեն 50 բառ, իսկ վեց տարեկանում այն հասնում է հինգ հազարի: