Christie's-ն Էնդի Ուորհոլի՝ 1964 թվականի Մերիլին Մոնրոյի Shot Sage Blue Marilyn դիմանկարը մոտ 200 միլիոն դոլար է գնահատել, հայտնում է AFP-ն։
Աճուրդի տունն ակնկալում է, որ նկարը 20-րդ դարի ամենաթանկ արվեստի գործը կդառնա, երբ մայիսին աճուրդի հանվի Նյու Յորքում:
Christie's-ում 20-րդ եւ 21-րդ դարերի արվեստի բաժնի ղեկավար Ալեքս Ռոտերը դիմանկարը 20-րդ դարի ամենանշանակալի նկարն է անվանել, որը աճուրդի է հանվել վերջին սերնդի ընթացքում:
Ուորհոլը Մոնրոյի մետաքսապատման առաջին աշխատանքները սկսել էր կատարել աստղի մահից հետո՝ 1962 թվականի օգոստոսին:
Նա չորս աշխատանք է ստեղծել՝ բոլորը նույն չափի, տարբեր գույներով ֆոնին։
Մանհեթենում Christie's-ի գլխամասում բացման ժամանակ Ռոտերն ասել է, որ դիմանկարը կանգնած է Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» եւ Պաբլո Պիկասոյի «Ավինյոն աղջիկները» կտավների կողքին՝ որպես «բոլոր ժամանակների մեծագույն աշխատանքներից մեկը»:
Christie's-ը վաճառում է աշխատանքը Ցյուրիխում գործող Թոմաս եւ Դորիս Ամմանների հիմնադրամի անունից:
Վաճառքից ստացված ողջ հասույթը կհատկացվի հիմնադրամին, որն աշխատում է բարելավելու երեխաների կյանքն ամբողջ աշխարհում:
1998 թվականին Sotheby's-ը 17 միլիոն դոլարով վաճառել էր նարնջագույն Մերիլինը։