56-ամյա Ջոնի Դեփը խոստացել էր դատարանին ապացույցներ ներկայացնել իր նախկին կնոջ՝ 33-ամյա Էմբեր Հերդի դեմ եւ կարծես թե արդեն պատրաստ է դա անել։ Նախորդ տարի դերասանը զրպարտության մասին հայց էր ներկայացրել՝ նրան ստիպելու համար 50 մլն դոլար վճարել եւ ապացուցելու, որ ընտանեկան բռնության վերբարյալ իր դեմ ներկայացված մեղադրանքները զրպարտություն են ու մանրամասն մտածված խաբեություն։ Daily Mail-ի տրամադրության տակ են հայտնվել Դեփի եւ Հերդի խոսկացությունների ձայնագրությունները, որոնց ընթացքում նա խոստովանում է, որ հարվածել է նրան։
Պարբերականի հաղորդմամբ՝ ձայնագրություններն արվել են 2015թ.-ին՝ այն տարում, երբ դերասաններն ամուսնացել են։ Հարաբերություններում խնդիրների մասին նրանց խոսակցությունն արագորեն վերածվում է փոխադարձ հայհոյանքի։ Դեփը բողոքում է, որ ստիպված է հեռանալ, երբ Հերդը «մոլագար չար» է դառնում։
«Ես չեմ պատրաստվում կռվել քեզ հետ։ Դու, գրողը տանի, նախորդ գիշեր հարվածել ես ինձ։ … Ես գնացել եմ երեկ երեկոյան՝ մեծ բռնություն թույլ չտալու համար։ Արդեն ասել եմ քեզ այդ մասին, ես մահացու աստիճանի վախենում եմ, որ մենք ինչ-որ տեղ հանցագործության կատարման վայր կդարձնենք։ … Ես սիրում եմ քեզ ու ցանկանում եմ, որ դու իմ կինը դառնաս։ Ցանկանում եմ քո ամուսինը լինել, լավ ամուսին»,- ասում է Դեփը։
Նա Հերդին բողոքում է վերջինիս ագրեսիայի համար եւ որպես օրինակ ներկայացնում այն, որ Հերդն իր վրա առարկաներ է նետում։ Ջոնին հավելում է, որ միայն մեկ անգամ է հետեւել նրա օրինակն, երբ վերջինս իր ուղղությամբ անոթ է նետել։ «Ներիր, որ դեմքիդ այնպես չեմ խփել, ինչպես անհրաժեշտ է» Թանկագինս, քեզ չեն ծեծել։ Եթե ես կաթսաներ ու թավաներ եմ նետում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ … Աստված իմ, ես երբեմն այնպես եմ զայրանում, որ կորցնում եմ խելքս»,- Daily Mail-ը մեջբերում է Հերդի խոսքերը Դեփի հետ խոսակցությունից։
«Այս ձայնագրությունները, որոնք պարունակում են Էմբեր Հերդի խոստովանությունները ծեծի մասին, ավելի են բացահայտում ընտանեկան բռնության մասին նրա խաբեությունը»,- պարբերականը մեջբերել է Ջոնի Դեփի փաստաբանի խոսքերը։
Դերասանից բաժանվելուց հետո Հերդը հոդված է գրել «Washington Post»-ի համար, որում իրեն ընտանեկան բռնության զոհ է անվանել, թեեւ ավելի վաղ հրաժարվել է Դեփի դեմ առաջադրված մեղադրանքներից։ Նրա դեմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնելով՝ Դեփը նշել է, որ սեփական օգուտի համար նա ոչնչացրել է իր համբավը։