Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Քեյթ Միդլթոնն առանձնազրույց է ունեցել ռեժիսոր և սցենարիստ Ռիչարդ Քյորտիսի հետ: «Իրական սիրո» և «Նոթինգ Հիլլի» հեղինակին հրավիրվել են Քենսինգթոնյան պալատ՝ համագործակցության տարբերակներ քննարկելու համար. Քեմբրիջի դքսուհին ցանկանում էր, որ հայտնի կինոռեժիսորն օգնի իրենց հոգեկան առողջության պաշտպանության Every Mind Matters նախագծի համար գովազդային արշավ նկարահանել: Եվ նախօրեին ցանցում է հայտնվել առաջին տեսահոլովակը: Այսօրվանից այն հեռարձակվելու է Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր ալիքներով:
Մեկ րոպեանոց տեսանյութում, որի ռեժիսորը Ռիչարդ Քյորտիսն է, նկարահանվել են Ջիլիան Անդերսոնը և Գլեն Քլոուզը: Տեսանյութը պատմում է Every Mind Matters առցանց հարթակի մասին, որը կօգնի հասարակ մարդկանց լուծել իրենց հոգեբանական որոշ խնդիրներն՝ առանց հոգեթերապևտի օգնության: Կադրից դուրս ձայնը պատկանում է Քեյթ Միդլթոնին, Մեգան Մարքլին, արքայազններ Ուիլյամին և Հարիին: