«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի շրջանակներում, հուլիսի 9-ին, սփյուռքից ժամանած 10 պարախմբեր համերգներով հանդես եկան Արարատի մարզում: Շուրջ 200 սփյուքահայ պատանիներ և պարմանուհիներ Խոր Վիրապում ծանոթացան մարզի հոգեւոր և պատմամշակութային արժեքներին: Այնուհետև, խմբերից հինգը հետաքրքիր և բովանդակալից համերգով եղան Արարատում, իսկ հինգը` մարզկենտրոն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Սփյուքից ժա մանած պարախմբերի ելույթներն ընդմիջվում էին նաև մարզի պարախմբերի համարներով:

 

Ելույթներից հետո հյուրերի համար կազմակերպվեց տոնական ճաշկերույթ: Փառատոնն այս տարի մեկնարկել է «Պարարվեսի օրերով», որոնց կհաջորդեն անհատ կատարողները, «Խմբերգային արվեսի օրերը», «Ասմունքի երեկոն»` Երեւանում, «Հայ երգի օրը», որի շրջանակներում տեղի կունենա 36-հատորյա «Ազգային երգարան» մատենաշարի առաջին հրատարակչության շնորհանդեսը եւ շքահամերգ: Այս տարի փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաեւ «Դուդուկի փառատոն», պարուսույցների համար վարպետության դասեր և այլ հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներ:»

 

Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը  2012 թվականից` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, Հայաստանի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը: 

 

 Լիլիթ Մաճկալյան