Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, 5 օր շարունակ աշխարհի 10 երկրներից ժամանած 15 երգչախմբերն (350 մասնակից) իրենց կատարումներով, մարզային համերգներով հաճելի լարվածության մեջ են պահել խմբերգային արվեստի սիրահարներին: Մասնակիցները հանդիպել են խմբերգային արվեստի մեծերի հետ, կազմակերպվել են փորձի փոխանակման երեկոներ, նկարահանումներ, համատեղ կատարումներ:


Խմբերգային արվեստի օրերի հանդիսավոր փակմանը ելույթ են ունեցել Վրաստանի  «Սուրբ Ներսես Շնորհալի» և «Աղբյուր», Ռուսաստանի «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ», «Օվսաննա»  և «Նորահրաշ», Իրանի «Արարատ» և «Զվարթնոց», ԱՄՆ-ի «Կոմիտաս», Եգիպտոսի  «Արցախ», ինչպես նաև Հայաստանի «Օվսաննա»  և «Երաշխավոր» երգչախմբերը:


Համերգի ավարտին բեմահարթակը տրամադրվել է Թեհրանից ժամանած «Հայ Կին» միությանը կից «Անահիտ» միության «Զվարթնոց» երգչախմբին՝ կատարելու հատուկ «Իմ Հայաստան» փառատոնի համար երգչախմբի գեղարվեստական ղեկավար Էդիկ  Թամրազյանի  կողմից գրված «Հայկ Դյուցազուն» երգը:


«5 օր շարունակ Սփյուռքից ժամանած երգչախմբերն իրենց ելույթներով հիացրին հանդիսատեսին՝ միևնույն ժամանած բերկրանք պատճառելով միմյանց: Երգչախմբային արվեստի հիմնադիրներն, իրավամբ, այս տարածաշրջանում համարվում են հայ երգահանները: Դեռ 19-րդ դարի վերջին Քրիստափոր Կարա-Մուրզան Անդրկովկասում և Հարավային Ռուսաստանում ստեղծեց շուրջ 100 երգչախումբ:


Նրա գործը շարունակեց մեծն Կոմիտասի մեծ ուսուցիչը՝ Մակար Եկմալյանը, իսկ Կոմիտասի օրոք և նրա շնորհիվ երգչախմբային արվեստը հասցվեց կատարելության: Մեր հայրենակիցների ստեղծած երգչա խմբերը շարունակում են իրենց նախնիների փառավոր ավանդները: Թերևս նրանց կատարումներում կարելի է նկատել արհեստավարժության պակաս, սակայն դա լրացվում է այն արտասովոր նվիրումով և հոգեկան ջերմությամբ, որով օժտված են բոլոր երգչախմբերն առանց բացառության»,- ողջունելով մասնակից պարախմբերին և հանդիսատեսին՝ նշել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:


Այնուհետև պարոն Սրապիոնյանը մասնակիցներին է փոխանցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ ողջույնները և մեծ ցանկությունը, որ այսուհետ ևս երգչախմբերը շարունակեն նույն նվիրումով իրենց հայապահպան առաքելությունը:


Միջոցառման ավարտին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը մասնակցության հավաստագրեր է հանձնել մասնակիցներին:


«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում օգոստոսի 16-ին տեղի կունենա ասմունքի երեկո, սեպտեմբերի 20-25-ը նվիրված կլինեն դուդուկին և հայկական այլ նվագարաններին, իսկ սեպտեմբերի 26-ին կանցկացվի հայ երգի օր, որի շրջանակներում տեղի կունենա մեծ շքահամերգ և 36-հատորյա «Ազգային երգարան» մատենաշարի առաջին հատորի հրատարակության շնորհանդեսը: