Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում օգոստոսի 1-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի հանդիսավոր բացումը՝ նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին: Միջոցառումը բացել է Պոլսի 85-ամյա «Լուսավորիչ Դպրաց դաս» երգչախումբը:
Ելույթ ունեցան Վրաստանից` «Մակար Եկմալյան», «Ներսես Շնորհալի», «Աղբյուր», Իրանից` «Զվարթնոց», «Արարատ», ԱՄՆ-ից` «Կոմիտաս», Եգիպտոսից` «Արցախ», Սիրիայից` «Ովսաննա», ՌԴ-ից` «Ովսաննա», «Նորահրաշ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Արցախի պետական երգչախմբերը:
2014 թվականը հռչակված է Հովհաննես Չեքիջյանի տարի, որի շրջանակներում Հայաստանում եւ Սփյուռքում միջոցառումներ է կազմակերպում նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Սփյուռքից ժամանած երգչախմբերի կատարումներից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կյանքի և գործունեության մասին պատմող ֆիլմ, որին հաջորդեց Մաեստրոյի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը:
Միջոցառման ավարտին աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած երգչախմբերը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի խմբավարությամբ կատարեցին Լևոն Բլբուլյանի խոսքերով գրված «Կանք ու կլինենք» երգը (երաժշտությունը՝ Արա Գեւորգյանի)` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հանդիսատեսին շնորհավորանքի և ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Չեքիջյանն աշխարհասփյուռ հայության այս հրաշալի խմբերը միավորելով կապելլային՝ մշակութային ռումբ պայթեցրեց, որ պետք է տարածվի ամբողջ Սփյուռքում եւ երկար տարիներ ապրի յուրաքանչյուր հայի սրտում»:
ՀՀ սփյուռքի նախարարն իր հիացմունքը հայտնեց Հովհաննես Չեքիջյանի անսպառ էներգիայի ու տաղանդի հանդեպ: «Մաեստրոն նման է 25-ամյա ավյունով լի երիտասարդի, որ զարմանք ու հիացմունք է առաջացնում իր նվիրումով եւ ստեղծագործական անսպառ եռանդով, իսկ րիտասարդի եւ ֆենոմեն Չեքիջյանի կողքին ես միշտ տեսնում եմ նրա ղեկավարած ֆենոմեն կապելլան»,- նշեց նախարար Հ.Հակոբյանը:
«Այսօր բեմում Իրանից եկած մեր հայրենակիցները կատարեցին Ապարանի յարի մասին երգը, Արցախից ժամանած երիտասարդները՝ Կոմիտասի յարը, ԱՄՆ-ից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի անդամները նույպես, մոռացած իրենց տարիքը, բեմում հնչեցրին կոմիտասյան գոհարներից, - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով. «Եվ նրանք բոլորն էլ հայ երգարվեստի շնորհիվ ճգնում են հայ մնալ, ինչի համար շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին»:
Շնորհավորելով մաեստրո Չեքիջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նաև նշեց. «Աստվածահաճո է Ձեր գործը, Դուք և Ձեր կախարդական փայտիկը, որ շրջել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և ներկայացրել հայ երգը, ներկայացրել Կոմիտաս Վարդապետին»:
Աստվածաշնչյան պատկերով մագաղաթ եւ ալ կարմիր վարդեր նվիրելով հայ երգարվեստի նվիրյալ Հովհաննես Չեքիջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ հպարտ է նրա ժամանակակիցը լինելով:
Երգարվեստի օրերի հանդիսավոր բացումն ավարտվեց լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափողջույնների ներքո:
Երգչախմբերը համերգներով հանդես կգան Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում: