«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի շրջանակում, հուլիսի  4-ին,  սփյուռքից ժամանած պարախմբերը Շիրակի մարզում են: Փառատոնի պարարվեստի օրերի շրջանակներում, որը մեկնարկել է հուլիսի 1-ին և կտևի մինչև հուլիսի 10-ը,  Մոսկվայից, Տվերից, Արմավիրից, Պյատիգորսկից, Թբիլիսիից, Մոնրեալից և Քուվեյթից ժամանած պարային խմբերը երեկոյան ելույթ կունենան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մինչ համերգը, փառատոնի մոտ 200 մասնակից այցելեց Հառիճի վանական համալիր: Հյուրերը ծանոթացան համալիրի պատմությանը:

 

 Փառատոնը, որն իրավահաջորդն է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի, բազմաթիվ առանձնահատկություններով տարբերվում է նախորդից, որն անցկացվում էր 7-10 օրերի ընթացքում, իսկ «Իմ Հայաստան»-ն անցկացվում է 3-4 ամիսների ընթացքում, տարբեր արվեստի ճյուղերում՝ պարարվեստ, հայ երգ, անհատ կատարողներ, երգչախմբային, դուդուկ՝ հնարվորություն տալով սփյուռքից ժամանած արվեստագետներին ավելի շատ ելույթներով հանդես գալ ոչ միայն Ե րևանում, այլ նաև հանրապետության տարբեր մարզերում և Արցախում: «Փառատոնի օրերին մենք փորձում ենք Հայաստան այցելած հյուրերին ծանոթացնել տեսարժան  վայրերի հետ, ինչպես նաև այն վայրերի հետ, որոնք  մշակութային արժեք են ներկայացնում, իսկ Հառիճավանքը չէր կարող մեր ուշադրությունից դուրս մնալ. այստեղ է ճգնել ու երկար աշխատել  Կոմիտասը: Հառիճավանքն, ընդհանրապես, իր նշանակությամբ պատմության մեջ բավական մեծ դեր ունի, և չէինք կարող, այցելելով Շիրակ, չլինել նաև պատմական Հառիճում»,- նշեց Սամվել Հարոյանը:

 

Շիրակի գեղատեսիլ անկյունից  ու  ընդհանարպես Հայաստանից ստացած  տպավորոթյուններն «Արմենպրես»-ին  ներկայացնելով `  ՌԴ Տվեր քաղաքի «Կռունկ» ժողովրդական համույթի ղեկավար Արաքսի Կոսիկը նշեց,  որ հիացած է թե՛ ընդունելությամբ, և թե՛ փառատոնի կազմակերպչական մասով: «Փառատոնին մասնակցելու ոգևորությունն այստեղ փոխվել է հիացմունքի և երջանկության»,- նշեց Արաքսի Կոսիկը:

 

Ավելացնենք, որ օգոստոսին «Իմ Հայաստան»-ի երգչախմբային  փառատոնի շրջանակներում հյուրերը կլինեն Վահրամաբերդում:

 

Արմենուհի Մխոյան