«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի մասին ESem.am-ի ընթերցողները տեղյակ են: Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ընթերցողների հետ քննարկում էր Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը»:
Նազենին այնքան մանրակրկիտ էր պատրաստվել հանդիպմանը, այնքան մանրամասն էր վերլուծել այս ստեղծագործությունն ու անցկացրել իր պրիզմայով, որ դժվար է ընտրել հանդիպման ամենակարևոր հատվածները: Լրագրողի համար ամենաբարդ գործը, թերևս, կրճատումներ անելն է, երբ նյութը բովանդակալից է: Պետք է նշեմ, որ սա քննարկում էր, որին պետք էր ներկա լինել :)
ESem.am-ի հետ զրույցում Նազենին նշեց, որ պատասխանատվությունը շատ մեծ էր. «Ես ինձ զգում էի ինչպես մի ուսանող, ով գալիս է քննության: Չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ: Գիտե՞ք, պատրաստվելը միայն նյութեր կարդալով չէ, այլ ներքին վերլուծությամբ: Ես անգամ իմ քննություններին այդպես էի պատրաստվում»: Մեր հարցին՝ իր կարդացած բոլոր գրքե՞րն է այդպես մանրամասն հիշում, նա պատասխանեց. «Որոշ ժամանակ անց որոշ բաներ ջնջվում են, սակայն կան բաներ, որոնք այնքան մանրամասն են մնում հիշողության մեջ՝ ասես երեկ կամ այսօր եմ կարդացել»: Դերասանուհին նշեց, որ զգում է կարդացածը. «Ես ապրում եմ հերոսների կյանքով, տեսնում եմ նրանց ժեստերը, տվայտանքները, բայց դա ոչ միայն վիզուալ պատկերացումն է, այլև էմոցիոնալ դաշտը»:
Քննարկման առաջին հարցին՝ Նազենին հավանե՞լ է վեպը, դերասանուհին պատասխանեց. «Ո՞վ ենք մենք, որ ինչ-որ բան հավանենք կամ չհավանենք»: Նազենին հիշեց, որ իրենց տանն ամենուր եղել են գրքեր, չկար քնելու տեղ, բայց կային գրքեր ու դեռ մանկուց բավականին շատ է կարդացել: Հաղորդավարուհին խոստովանեց, որ այս վեպն առաջին անգամ կարդացել է չորրորդ դասարանում: Այն ժամանակ բարեկամուհու տանը նա նկատել էր գիրքն ու արագ թերթելուց հետո որոշել՝ ինքը պետք է անպայման կարդա այս ստեղծագործությունը: «Գիտե՞ք, կինն անկախ ամեն ինչից կին է մնում՝ լինի 3, 13, թե՝ 18 տարեկան, և այն ամենը, ինչ կար այս գրքում, ինձ հետաքրքրեց»,- ասաց Նազենին, ում հեշտ չէր տրվել այս գիրքը կարդալու հանրավորությունը, քանի որ հաշվի առնելով իր տարիքը՝ ավանդապահ բարեկամուհուց չէր խնդրել գիրքը, իսկ հարևանուհին մերժել էր նրան: Այնուամենայնիվ, դերասանուհին նշեց, որ մանկուց կամային բնավորություն է ունեցել ու հաջողացրել է ձեռք բերել ու կարդալ վեպը:
Դերասանուհին հետաքրքրվեց՝ արդյոք ընթերցողները գիտեն՝ ինչո՞ւ է հերոսուհին նախընտրում կամելիաներ, ի պատասխան ներկաներից մեկն ասաց, որ Դյուման այստեղ նկարագրել է իր սիրուհուն, ով կուրտիզանուհի էր: Վերջինս թոքախտով հիվանդ էր և բույրերից սրտխառնոց ուներ, այդ իսկ պատճառով սիրում էր կամելիա, որն ավելի թույլ բույր ուներ:
Նազենին չհամաձայնեց քննարկման մասնակիցներից մեկի տեսակետի հետ, թե հերոսուհին՝ Մարգարիտ Գոտյեն, անբարոյական էր: «Կինը, որը համարվում էր ավելի ընկած, քան որևէ մեկը, իր ամենաընկած պահին կարողացավ այնքան վեր գտնվել, որքան վեր շերտերում գտնվող մարդիկ չէին կարող անգամ երազել»,- ասաց նա:
Ըստ Նազենիի՝ Մարգարիտ Գոտյեի տեսակը բացահայտվում է թերթ առ թերթ: «Սկզբում նա թեթևաբարո կին է՝ բառիս լայն ու բուն իմաստով, հաջորդ քայլին՝ հիվանդությունից հետո, մենք նրա աչքերում ուրիշ հայացք ենք տեսնում, դեմքին՝ գունատություն, ավելի հարմարվելու կարողություն, անցնում է որոշ ժամանակ, մենք հասկանում ենք, որ նա ստանում է նոր կյանք՝ դա իր սերն է՝ Արման Դյուվալին նվիրումով, որից հետո արդեն կա մի մեծ ճանապարհ, որն այլևս հետդարձ չունի»,- մեկնաբանեց հաղորդավարուհին և հավելեց, որ իր վերջին քայլով Մարգարիտը մաքրվեց և նորովի ներկայացավ ընթերցողին:
«Մարգարիտը վաճառել է իր մարմինը, բայց իրականում վնասել է իր հոգին: Թոքախտը կարծես վերցված է որպես ապաշխարհության մի տարատեսակ: Հենց նա վերադառնում է իր շվայտ կյանքին, նորից սկսվում է իր հիվանդությունը, որը, ըստ էության, չէր էլ դադարել, բայց հենց ապրում է, մարդուն, կնոջը, սիրուն վայել կյանքով առողջանում է, որովհետև սերն առողջացնում է»,- կարծում է դերասանուհին:
Անդրադառնալով հարցին, թե ինչ կլիներ, եթե Մարգարիտը չմահանար, Նազենին ասաց, որ երկու տարբերակ կար: Առաջինը՝ Դյուվալը կգնար: «Տղամարդու տեսակն է այդպիսին...»,- ասաց նա ապա ներկայացրեց երկրորդ տարբերակը՝ Մարգարիտը կհոգներ այդ կյանքից:
Նազենին ընդգծեց, որ Մարգարիտի և Արմանի հարաբերությունները հիմնվում էին երեք կարևոր փաստարկի վրա. դրանք էին՝ կուրորեն ենթարկվել, սիրել հավերժ, խանդել անցյալին, ներկային, ապագային, սակայն նշեց, որ որպես կին, իր համար դա ընդունելի չէ: «Ես սիրում եմ, երբ տղամարդը կուրորեն նվիրված է, բայց ենթարկվում է այն ժամանակ, երբ որոշումն իրենն է: Չեմ սիրում, երբ կինը ենթարկեցնում է տղամարդուն: Դա ինձ համար թուլության նշան է: Տղամարդը պետք է սիրի կամ՝ ոչ: Եթե դրա մեջ իր համար կարևոր է ենթարկվելը, թող ենթարկվի: Անձամբ ես, սիրո մեջ նախապայմաններ դնելը ճիշտ չեմ համարում»,- ասաց նա: ESem.am-ի հարցին՝ Արմանը ենթարկվո՞ւմ էր, Նազենին պատասխանեց, որ նա կարողանում էր իդեալական պահել ուժի, կամքի, նվիրվածության, անհավանական սիրո և տղամարդկության հավասարակշռությունը:
Քննարկմանը մասնակցեց Ամալյա Հովհաննիսյանը