Շատերը կես կատակ, կես լուրջ ասում են, որ կանանց խոսակցության միակ թեման բամբասանքն է, այդ իսկ պատճառով թերահավատորեն են վերաբերում կանանց անկեղծ ընկերությանը: Սակայն Նազենի Հովհաննիսյանը և Նարինե Սուլթանյանը, ապացուցում են հակառակը:
Ասում են' ուսանողական ընկերությունը երկար է տևում: Աղջիկները հենց առաջին կուրսից միասին են սովորել Երևանի պետական թատերական ինստիտուտում: Ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես սովորաբար լինում է հոլիվուդյան ֆիլմերում, երբ իրար տեսնելուն պես հասկանում են, որ մտերիմ ընկերներ են դառնալու: Նազենին և Նարինեն միայն երրորդ կուրսում են հասկացել, որ բավականաչափ «ուսումնասիրել» են իրար, ժամանակն է «գործի ացնել»:
«Կարևոր չէր, թե մեզանից ո՞վ առաջին քայլն արեց, նույնիսկ հիմա էլ չեմ հիշում, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց»,- ասում է Նազենին:
Ինչևէ: Նրանք մտերմացան: Այսօր արդեն անբաժանելի ընկերները ոչ մի երեկույթի առանձին չեն գնում, այլև գրեթե ամենուր միասին են:
Հետաքրքիր է, ի՞նչը նրանց միավորեց:
«Չնայած, որ մենք շատ տարբեր ենք, այնուամենայնիվ, առաջին հերթին մեզ միավորեց բեմական մտածողությունը: Երկուսս էլ միանման ճաշակ ունենք, միանման մտածողություն, արվեստի միանման ընկալում: Մենք նույն հետաքրքրություններն ունենք: Սակայն դա բավական չէ իրար նման լինելու համար: Երբ արդեն բավականաչափ ճանաչեցինք իրար, հասկացանք, որ դա ընդամենը առաջին տպավորությունն էր: Իրականում մենք շատ տարբեր ենք: Լինում են պահեր, երբ ես մտածում եմ, թե արդյոք սա այն Նազենին է, ում ես ճանաչում եմ»,- անկեղծորեն նշում է Նարինեն:
Նրանց խոսքերով' հենց այդ տարբերություններն են օգնում իրենց շփման մեջ:
Դե, էլ ինչ ընկերներ, եթե միասին չքննարկեն իրենց թերություններն ու առավելությունները: Նազենին ու Նարինեն բացառություն չեն: Ժամանակ առ ժամանակ նրանց քննարկման թեման հենց դա է:
«Եթե նույնիսկ չեմ էլ ասում, ապա գոնե ցույց եմ տալիս, որ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս»,- նկատում է Նազենին:
Նա խոստովանեց, որ Նարինեն իրենց ընկերության սկզբում շատ ինքնամփոփ է եղել, ինչի համար էլ Նազենիից անընդհատ հանդիմանություններ է լսել: Սակայն դա այնքան էլ երկար չի տևել և նրանք միասին հաղթահարել են այդ բարդույթը:
«Հիմա արդեն ես ավելի շատ եմ խոսում Նազենիի հետ իմ խնդիրների մասին: Նազենին այդ հարցում ինձ շատ օգնեց»,-ասում է Նարինեն:
Ե´վ Նարինեն, և´ Նազենին աշխատանքի բերումով շատ զբաղված են, ինչը սակայն չի խանգարում նրանց ընկերությանը: Հաճախ այնպես է ստացվում, որ չեն հասցնում հանդիպել: Այս դեպքում օգնության է հասնում հեռախոսը: Թեև աղջիկներից և ոչ մեկը հեռախոսով խոսելու առանձնապես մեծ սեր չունի, բայց գոնե այդպես են լրացնում բացը: Երբ ինչ-որ կարևոր բան է պատահում, Նազենին միանգամից Նարինեին է զանգահարում:
Երկու դերասանուհի-ընկերուհիները նաև միասին հանդես են եկել թատրոնում: Ըստ նրանց' ընկերներ լինելն ավելի է հեշտացրել նրանց գործը թատրոնում: Այն ներկայացումների թիվը, որտեղ նրանք միասին են հանդես եկել, անցնում է 1 տասնյակը, բայց աղջիկների մոտ ավելի շատ տպավորվել է «Խելքից պատուհասը»: Սյուժեի համաձայն' Նազենին տիրուհի է, Նարինեն' սպասուհի, միաժամանակ մտերիմ ընկերուհիներ են:
«Ինձ շատ դուր եկավ Նազենիի հետ հանդես գալ նույն ներկայացման մեջ: Նա հիանալի խաղընկերուհի է: Իսկ ներկայացումից հետո Նազենին շատ դժվար էր ընտելանում իր իսկական կերպարին,-կատակով ասում է Նարինեն,-նա նույնիսկ իշխանուհու ժեստերով էր խոսում ինձ հետ»:
Սակայն երկու դերասանուհի-ընկերուհիների ընկերությանը չխանգարող, նույնիսկ ավելին' խթանող շատ կարևոր հանգամանք էլ կա' նրանց դուր չեն գալիս միևնույն տղաները: Այս պարագայում ևս նրանց ճաշակները տարբեր են: «Եթե նույնիսկ մենք միևնույն տղային համակրեինք, երբևէ չէինք վիճի նրա համար»,-ընդգծում են Նարինեն ու Նազենին:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, հունիս 2006 թ.