Armlur.am-ը գրում է. Երեւանի պետական համալսարանի «Հաջողության նախագիծը» մեկնարկել է «Խոսքը` որպես հաջողության գրավական» խորագրով դասընթացների շարքը: Այն իրականացվում է «ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի» աջակցությամբ: Ծրագրի երկրորդ հյուրը դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էր: Նա ներկաներին փոխանցեց իր փորձը, հմտությունները, խոսեց իր անցած ճանապարհի, հանդիպած խոչընդոտների եւ ձեռքբերումների մասին: Ներկայացնում ենք դերասանուհու մի քանի ուշագրավ դիտարկում:
Վախը ստիպում է չքայլել
Երբ մի աղջիկ փողոցում հանդիպում է մի խումբ տղաների, ինքն էլ բարձրակրունկներով է լինում, մտածում է. «Վա՜յ, հանկարծ չընկնեմ» ու ընկնում է: Այդ վախը ստիպում է չքայլել: Բայց մի ուրիշ աղջիկ, որն ուզում է քայլել բարձրակրունկներով, թեկուզ դժվարությամբ, բայց քայլում է, որովհետեւ ինքն այդպես է որոշել:
Սթրեսից էլ սկսվեց հաջողությունը
Ժամանակին ես աշխատում էի իմ շատ սիրելի Դրամատիկական թատրոնում, բայց ինչ-ինչ պատճառներով ինձ այնտեղից հանեցին: Դա շատ մեծ սթրես էր ինձ համար, եւ այդտեղից էլ սկսվեց իմ հաջողությունը: Աշխատանքից հանելն ինձ համար ամենամեծ ծառայությունն էր. չեմ ասի` միակը, բայց` ծառայություններից մեկն էր:
Որքան լիքն է կինը, այնքան գեղեցիկ է
Կինը որքան ներքուստ լեցուն է, այնքան գեղեցիկ է` անկախ կնճիռների քանակից: Պլաստիկան, նաեւ ժամանակը անզոր են մարդու ներքինի դեմ: Այն, ինչ թվացյալ դեֆեկտ է, կինը պետք է կարողանա դարձնել էֆեկտ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: