Ինչու է փոքրիկը կամակոր, ինչպես սովորեցնել փոքրիկին սիրել բնությունն և ինչպես է պատրաստվում ամենահամեղ վարսակաձավարով շիլան: Այս ու նմանատաիպ հազարավոր հարցերի պատասխանը գտնելու լավագույն հարթակը Tzuk.am-ն է: Սա ինտերնետային հարթակ է, որը փորձում է պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են օգտակար լինել կանանց հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո` փոքրիկին խնամելու ընթացքում: Tzuk.am կայքն արդեն 6 ամսական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում կայքի հիմնադիր Մերի Քալանթարյանը շեշտում է, որ այն նախատեսված է մայրիկների և երեխաների համար: «Կայքը երկու գլխավոր բաժիններ ունի` մեկը նախատեսված մայրիկների համար, որտեղ կա բազմակողմանի ինֆորմացիա հղիության պլանավորման, ընթացքի, բարդությունների, հետո արդեն տարբեր տարիքային խմբերի երեխաների խնամքի, դաստիարակության, սնուցման, զարգացման մասին: Նյութերը պատրաստելիս անպայման խորհրդակցում ենք մասնագետների, մանկական բժիշկների, հոգեբանների, գինեկոլոգների հետ: Աշխատում ենք ընթերցողին հասցնել միայն ճշտված ինֆորմացիա»,- ասաց Մերի Քալանթարյանը` հավելելով, որ ընթերցողներին հետաքրքրող հարցերին 15 օրը մեկ պարբերականությամբ պատասխանում են նաեւ մասնագետները:
Երկրորդ մեծ բաժինն արդեն նվիրված է երեխաների ճանաչողությանը: «Ընդգրկուն բաժիններով փորձում ենք ներկայացնել այն ամենն, ինչ կարող է և պետք է իմանա փոքրիկը` տիեզերք, բնություն, կենդանական աշխարհ, հրաշալիքներ, մոլորակի մշակույթը: Մեծ տեղ ենք հատկացնում հայրենաճանաչությանը: Ինչպես ասում էր Թումանյանը, «եթե չճանաչես, չես սիրի»: Մենք կարևորում ենք հայրենաճանաչությունը հենց ամենափոքր տարիքում: Հենց այդ պատճառով պատմությանը, աշխարհագրությանը, տոներին ու հերոսներին անդրադառնում ենք ամենայն մանրամասնությամբ' իհարկե փոքրիկին հատուկ բառապաշարով ու մատչելիությամբ»,- ասաց Մերի Քալանթարյանը:
Ըստ նրա, կայքի ամենակարևոր առաձնահատկություններից մեկն էլ աուդիոհեքիաթներն են: «Այսօր շատ մայրիկներ զբաղված են, աշխատում են, դրան գումարած նաև տնային հոգսերը, միշտ չէ, որ ժամանակ է լինում նստել ու փոքրիկի համար հեքիաթ կարդալ: Մեր աուդիոհեքիաթները կարող են միացնել ու հանգիստ անցնել իրենց գործերին: Կարող են նաև ուղարկել իրենց սիրած հեքիաթի վերնագիրն ու այդ հեքիաթը ևս կընդգրկենք մեր աուդիոհեթիաթների ցանկում»,- ասաց Քալանթարյանը` հավելելով, որ թեպետ կայքն ընդամենը 6 ամսական է, սակայն հասցրել է ստանալ բազմաթիվ դրական արձագանքներ: Նրանք հիմնականում սփյուռքից են, որտեղ միշտ չէ, որ հասանելի են հայերեն հեքիաթները, նաև հայրնեիքի մասին ճանաչողական տեղեկությունները: Մերի Քալանթարյանի խոսքերով, յուրաքանչյուր թեմայի համար ընտրում են մի քանի աղբյուր եւ օգտվում փորձագետներից: Թիմը մեծ չէ, սակայն համընդհանուր նպատակասլացության միջոցով կարողանում են իրենց առջեւ դրված ծրագրերն իրականացնել: