Շիլաներ եփելը մի ամբողջ գիտություն է։ Կախված ցանկությունից, կարող եք պատրաստել փխրուն, կպչող, ջրիկ և խյուսանման շիլաներ։
Փխրուն շիլաները (հնդկաձավար, բրինձ, գարեձավար, բլղուր) կարող են խավարտի դեր կատարել կամ աղցանների մեջ օգտագործվել: Կպչուն և ջրիկ շիլաները հիանալի նախաճաշ են համարվում: Վերջիններս առանձնանում են իրենց յուրահատուկ քաղցր համով:
Կախված ձավարեղենի և ջրի հարաբերակցությունից՝ շիլայի կազմությունը փոփոխվում է. օրինակ, կորեկաձավարի ջրիկ շիլա ստանալու համար պետք է 1 x 4 հարաբերակցություն, կպչող շիլայի համար` 1 x 3, իսկ փխրուն շիլա ստանալու համար` 1 x 1,5 – 2։
Խորհուրդներ
- Ջրիկ և խյուսանման շիլաներ պատրաստելու համար լավ կլինի աղացած ձավարեղեն օգտագործել։
- Շիլաները երկար եփելու ընթացքում կորցնում են իրենց օգտակար հատկությունները: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ձավարեղենը նախապես լվանալ և 6 ժամ թողնել սառը ջրում, իսկ եփելիս թրջած ձավարը պետք է լցնել եռացող աղաջրի մեջ և տաքացնել մինչև կրկին եռման աստիճանի հասնի։ Այնուհետև անհրաժեշտ է կաթսան վերցնել կրակից և եփել գոլորշու վրա` մինչև պատրաստ լինի։ Արդյունքում վիտամիններն ու սպիտակուցները կիսով չափ պահպանվում են:
- Եթե նախընտրում եք փաթիլներով շիլա, ապա աշխատեք այն չեփել:
- Շիլաների մնացորդները դեն մի նետեք, քանզի դրանցով շատ համեղ ջեռեփուկներ, կարկանդակներ և անգամ աղանդերներ են պատրաստվում՝ մասամբ փոխարինելով բանջարեղենին կամ ալյուրին:
- Պատրաստի շիլայի մեջ կարագի փոխարեն աշխատեք 1 ճ/գդ թանձր սերուցք կամ կաթի սեր ավելացնել ավելի նուրբ կաթնային համ ստանալու համար։