Բազմաթիվ ընտանիքներում է ստացվում իրավիճակ, երբ աշխատավարձն ստանալուց մի քանի օր առաջ պարզում են, որ տան բոլոր գումարներն սպառվել են, և հազիվ ճանապարհածախս է մնացել: Զարմանալին այն է, որ նմանատիպ ընտանիքներից շատերում և ամուսինը, և կինը քիչ թե շատ աշխատում են: Համենայն դեպս, նախքան ամուսնական կյանքն սկսելը, նրանք շատ ավելի հազվադեպ էին ստիպված լինում ինչ-որ մեկից պարտք վերցնել:
Ի՞նչ անել… Այս դեպքում օգնության կգա միայն ֆինանսների խիստ կազմակերպված տնօրինումը, այսինքն' ընտանեկան բյուջեն պլանավորելն ու դրան հետևելը:
Ինչ է բյուջեն
Պարզ ասած' բյուջեն բոլոր եկամուտների և ծախսերի հաշվառումն է որոշակի ժամանակաշրջանի համար: Պայմանականորեն բյուջեն կարելի է պատկերացնել մի քանի սյունակ ունեցող աղյուսակի տեսքով:
Ամենապարզ տարբերակում սյունակների թիվը չորսն է. 1-ինում գրվում է հերթական համարը, 2-րդում' կարգի անվանումը (օր.' աշխատավարձ): 3-րդում, որը կոչվում է «Պլան», գրվում են գումարները, որոնք նախատեսվում է ծախսել որոշակի ժամանակահատվածում: Իսկ 4-րդ վերջին սյունակում արձանագրվում է բյուջեի փաստացի կատարողականությունը, այսինքն' փաստացի ինչքան է ծախսվել տվյալ շրջանում:
Բյուջեն բաժանվում է երկու մասի' եկամտային և ծախսային: Եկամտային մասում գրանցվում են բոլոր մուտքերը, որոնք ակնկալվում է ստանալ որոշակի շրջանում: Ծախսային մասում, համապատասխանաբար, նշվում են ենթադրվող ծախսերը: Գումարները ըստ կարգերի բաժանելուց հետո պետք է անպայման ստուգել' արդյո՞ք ծախսային մասը չի գերազանցել եկամտայինը: Եթե ծախսերը գերազանցում են եկամուտները, ապա լուծման երկու տարբերակ կա. կամ կրճատել ծախսերը, կամ փնտրել ֆինանսի նոր աղբյուր:
Ինչպե՞ս պլանավորել ընտանեկան բյուջեն
Ինչպես կարելի է առևտրային ընկերություններում օգտագործվող բյուջետային տեսությունը կիրառել ընտանիքում: Շատ պարզ: Նստում ենք համակարգչի առաջ և 2 աղյուսակ (եկամտային և ծախսային) գծում' համապատասխան կարգերով: Օրինակ'
№ ՀՀ Դասակարգում Պլան
1 Աշխատավարձ 70.000 դրամ
2 Բանկի ավանդի տոկոս 15.000 դրամ
3 ... ...
5 Ընդհանուր եկամուտը' 85.000 դրամ
Անցնենք բյուջեի ծախսային մասին: Ծախսերի հետ կապված միշտ որոշակի դժվարություններ են առաջանում: Եթե բնակարանի վարձի և այլ կոմունալ վճարների գումարն, ըստ էության, հստակ է, ապա դժվար է հաշվել, թե ամսվա կտրվածքով որքան գումար կծախսվի հացի կամ կաթի վրա:
Բնական է, որ ծրագրված ծախսերի գումարը մոտավոր կլինի, կարևորը կոնկրետ սահմանափակում մտցնելն է: Հաշվառման վերջին կարգում նշվում է, թե ընդամենը որքան գումար կարող է ձեր ընտանիքը ծախսել գալիք ամսվա ընթացքում:
Եթե ձեր ընտանիքը նախընտրում է խնայել խոշոր գնումների համար և չի օգտվում ապառիկ տարբերակից, ապա բյուջեն կազմելիս գծեք ևս մեկ կետ' «Խնայողություններ»: Այս կետի գումարները աճման կարգով գրանցեք առաջիկա ամիսների պլանում, մինչև հավաքվի անհրաժեշտ դրամը:
Եվս մեկ անհրաժեշտ կետ' «Ռեզերվ»: Ընտանեկան բյուջեն պարտադիր պետք է նախատեսի գումար չնախատեսված ծախսերի համար' լինի չծրագրված գնում, թե դրամ շտապ բուժման և այլ ծայրահեղ իրավիճակների համար:
Այժմ հաշվենք, թե կբավարարե՞ն ստանալիք եկամուտները ենթադրվող ծախսերի համար: Դրա համար «Ընդհանուր եկամուտ»-ից հանեք «Ընդհանուր ծախսեր», «Խնայողություն» և «Ռեզերվ» բաժինների գումարը: Եթե մնացորդը բացասական է, մտածեք' ինչ անել. հրաժարվել որոշ գնումների՞ց, վա՞րկ վերցնել, թե գործ փնտրել «կողքից":
Արդյո՞ք պահպանում եք բյուջեն, թե ոչ' կարող եք իմանալ ամենօրյա ծախսերի գրանցում կատարելով: Եթե օգտվում եք համակարգչից, այս հարցում ձեզ կօգնեն X-Cash «Ընտանեկան բյուջե, Home Station 1.2. Հաշվապահություն տան համար կամ AceMoney Lite ծրագրերը:
Ինչպես բաշխել գումարը ընտանեկան ծախսերի համար
Գոյություն ունի ընտանեկան ծախսերի համար գումարը բաշխելու երկու հիմնական մոտեցում: Առաջին դեպքում ամուսինն ու կինը (եթե կինն էլ է աշխատում) իրենց աշխատավարձը դնում են մեկ ընդհանուր «դրամարկղի» մեջ և ամսվա ընթացքում այնտեղից գումար վերցնում թե' ընտանեկան, թե' անձնական ծախսերի համար: Այս մեթոդը կատարյալ է շատ համերաշխ ընտանեկան զույգերի համար, հատկապես եթե նրանց բախտը բերել է ընդհանուր հետաքրքրությունների հարցում:
Երկրորդ մոտեցումը ենթադրում է ամուսիններից ամեն մեկի եկամտի բաժանում երկու մասի' ընտանեկան և անձնական ծախսերի: Առաջինը ներառում է գումար կոմունալ վարձերի, սննդի, անհրաժեշտ կենցաղային, տնտեսական և այլ իրերի համար: Ինչի վրա ծախսել եկամտի անձնական մասը' որոշում է ամեն մեկն իր հայեցողությամբ:
Եվս մի տարբերակ այն դեպքերի համար, երբ ամուսիններից մեկը զգալիորեն շատ է ստանում մյուսից: Այս դեպքում նա ամբողջությամբ իր վրա է վերցնում ընտանեկան խոշոր ծախսերը: Ճիշտ է, այս տարբերակը տարածվում է միայն կանանց վրա, քանի որ հազվադեպ է լինում, որ Հայաստանում կանայք տղամարդկանցից ավելի շատ վաստակեն:
Կարևոր խորհուրդներ
Ամենօրյա ծախսերը վերահսկելու համար հստակեցրեք ամսվա ծախսվելիք գումարը և բաժանեք այն ըստ օրերի: Այսպես դուք կստանաք այն գումարը, որն ազատորեն կարող եք ծախսել օրվա ընթացքում: Իսկ եթե օրվա կտրվածքով գերազանցել եք նախատեսված գումարը, մյուս օրը մի քիչ «նեղեք» ձեզ. անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը:
Երբեք մի ձգտեք խնայել բացարձակ ամեն ինչի վրա, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Կան բաներ, որոնց վրա խնայել չի կարելի' լիարժեք սնունդ, հանգիստ, կրթություն… Իհարկե, սա քաղաքակիրթ տարբերակում: Ցավոք, մեր երկրի կենսամակարդակը հեռու է բավարար լինելուց: Այնուամենայնիվ…
Ժամանակ առ ժամանակ վերլուծեք ձեր ընտանեկան ծախսերը. միգուցե որոշ կետեր պետք է հանել և ավելացնել նորերը: Երբեմն ընտանեկան բյուջեին հետևելով' հասկանում ես, որ կան բաներ, առանց որոնց էլ կարելի է հանգիստ ապրել, օրինակ' չափից շատ քաղցրեղենի գնումը կամ ինտերնետի թանկ կապը (երբ ավելի էժան տարբերակն էլ կբավարարի պահանջները): Այսպիսով' դուք համապատասխան խմբագրումներ կմտցնեք բյուջեում' ավելի կազմակերպված դարձնելով այն:
Հաջողություններ ձեր ընտանիքին և համերաշխություն բոլոր հարցերում: