Զատիկին ընդառաջ, ներկայացնում ենք աղանդերային այս ուտեստը, որը կուրախացնի հատկապես Ձեր երեխաներին: «Շոկոլադե ձվիկը» նաեւ խորամանկ մեթոդ է՝ համոզելու փոքրիկին ուտել այդքան «չսիրած», բայց օգտակար շիլան, եթե այն օգտագործեք որպես միջուկ:

Ի՞նչ է անհրաժեշտ.

300 գ կաթնային շոկոլադ (35% կակաոյի պարունակությամբ, անգամ 25%-անոց կակաոյի դեպքում շոկոլադը կարող է շատ փափուկ ստացվել),

7 գրամ դոնդող (желатин ),

1 տուփ պահածոյացված ծիրան (կամ ցանկացած միրգ Ձեր նախընտրությամբ),

250 մլ սերուցք,

վանիլի փոշի,

4 փոքր փուչիկ:

Պատրաստման եղանակը

 

Հալեցրեք շոկոլադը գոլորշու վրա: Հետո տեղափոխեք կլոր ամանի մեջ:

Թողեք՝ լավ գոլանա, այլապես փուչիկը կպայթի:)

Փչեք փուչիկները: Երբ շոկոլադը կսառչի այնքան, որ մի թեթեւ գոլ լինի, զգուշորեն թաթախեք փուչիկը նրանով: Այնպես թաթախեք, որ ինչքան հնարավոր է, հաստ շերտ առաջանա փուչիկի վրա: Ափսեի մեջ մի փոքր շոկոլադ լցրեք և վրան դրեք փուչիկը' պահելով այն ձեռքում: Սպասեք մինչև շոկոլադը պնդանա:

Շոկոլադե ձվիկն արդեն պատրաստ է, զգուշությամբ պայթեցնում ենք փուչիկն ու հանում այն ձվիկի միջից:

 

Միջուկը

 

Ծիրանի պահածոյից խյուս (պյուրե) ենք ստանում: 4 կտոր կարող եք թողնել զարդարման համար: Ժելատինը լուծում ենք 4 ճաշի գդալ ծիրանի տաք հյութի մեջ և ավելացնում ենք պյուրեի վրա:

Սերուցքը հարում ենք վանիլի փոշու հետ և կամաց-կամաց ավելացնում ծիրանի խառնուրդին:

 

Շոկոլադե ձվիկի մեջ եք լցնում ծիրանի միջուկը կամ ցանկացած շիլա, որով ցանկանում եք կերակրել Ձեր երեխային:)