Երկար ժամանակ մանկաբույժները ծնողներին խորհուրդ էին տալիս ոսկորների հիվանդությունները կանխելու նպատակով երեխաներին տալ կաթ և կալցիում պարունակող այլ մթերքներ: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դդմի սերմերը, մուգ շոկոլադը, նուշը և սաղմոնը նույնպես կարևոր են երեխայի սննդակարգում:
Բանն այն է, որ այս մթերքները հարուստ են մագնեզիումով, իսկ այն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի կառուցման համար: Մասնագետները պնդում են, որ այս պարագայում մագնեզիումը կալցիումից ավելի կարևոր է:
Իրականում մագնեզիումի դերն արդեն ապացուցված էր մեծահասակների օրինակով: Երեխաներին վերաբերող նման մանրամասն հետազոտություն անց կացվեց առաջին անգամ:
Գիտնականները 63 առողջ երեխաների սննդի և օրգանիզմի մեջ ճշգրտորեն հաշվել են կալցիումի և մագնեզիումի քանակությունը: Գնահատվում էին մեզի անալիզները (հանքային միացությունների կայուն իզոտոպների մակարդակը ցույց էր տալիս, թե որքան կալցիում և մագնեզիում էր կլանել մարմինը):
Հենց մագնեզիումի քանակությունն էր արմատական դեր խաղում ոսկրային հյուսվածքի ձևավորման գործում: Իսկ կալցիումի օգտագործումն այդքան կարևոր չէր: