Երգիչ Դավիթ Թուջարյանն ու կինը՝ Սվետլանան, առաջինը ESem.am-ին էին  պատմել իրենց հարաբերությունների օրինականացման մասին: Օրերս էլ երգչից տեղեկացանք, որ նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում: Դավիթն  ու Սվետլանան աղջիկ են ունենալու. փոքրիկը լույս աշխարհ կգա սեպտեմբերին:

 

 

 

 

Երգչի խոսքով՝ երբ իմացել է կնոջ հղիության մասին, մտածել է, որ Աստված շարունակում է իրեն հրաշքներ պարգևել: «Հասկացա, որ Աստված ինձ չի թողել, ինձ հետ է: Այժմ էլ մեծ ուրախությամբ ու անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ գրկելու աղջկաս»,-պատմեց Դավիթն ու հավելեց, որ միշտ մտածել է՝ Աստված կպարգևի այն, ինչ իրեն պետք է: «Փաստորեն ինձ աղջիկ էր պետք,-ուրախությամբ նկատեց նա և նշեց, որ ամեն օր խոսում է փոքրիկի հետ: Փոքրիկի անվան ընտրության հարցում զույգը դեռևս չի կողմնորոշվել. Դավթի փոխանցմամբ՝ հնարավոր  է ինքն էլ եղբոր պես դստերը մոր անունը տա՝ Գայանե:

 

 

 

 

Դավթից հետքրքրվեցինք նաև, թե երբ են պատրաստվում հարսանիք անել, քանի որ ESem.am-ի նախորդ զրույցի ընթացքում նշել էր, որ հավանաբար ամռանը Սվետան հարսի զգեստ կհագնի ու կիրականացնի իր ցանկությունը: «Այդ ամենը մտածում էի անել հիշողության համար, որովհետև, առհասարակ, հարսանիքի կողմնակից չեմ: Սակայն երևի բալիկի ծննդից հետո կազմակերպենք դա»,-հայտնեց երգիչը, ով այժմ կնոջ հետ բնակվում է Նուբարաշենի իր առանձնատանը:

 

 

 

 

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ Դավիթը նշեց, որ չնայած այս ընթացքում հեռուստատեսությամբ չի երևում, շարունակում է երգել կորպորատիվ միջոցառումներին: «Ամեն տեսակի աշխատանք էլ փորձել եմ անել, այդ թվում՝ բիզնես: Բայց դեռևս չեմ պատկերացնում ինձ այլ աշխատանքում. շարունակում եմ երգել ու իմ սիրելի աշխատանքով զբաղվել»,-ասաց նա և ավելացրեց, որ առաջիկայում կներկայացնի մայրիկի հեղինակային «Ներիր» երգը: «Երգն ամբողջությամբ պատրաստ է. ցանկանում եմ տեսահոլովակ նկարահանել, որն ավելի շատ խոսքը տեղ հասցնելու համար է լինելու, քանի որ երգը հոգևոր է: Ուզում եմ նաև, որ այս երգը ծառայի բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքում բռնել են կործանիչ ճանապարհ: Կարծում եմ՝ այն մտածելու տեղիք կտա, և մեր ժողովուրդը Տիրոջ առաջ ուղիղ կլինի»,- եզրափակեց երգիչը:

 

ESem.am-ը նորանոր հաջողություններ է մաղթում երգչին, իսկ կնոջը՝ թեթև հղիություն:

 


Ուրախալի լուրը՝ Արևիկ Իսաջանյան