Ֆրանսիացի հանրահայտ էստրադային երգչուհի և դերասանուհի Պատրիսիա Կաասը մենահամերգով հանդես կգա Երևանում: Համերգը տեղի կունենա մարտի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ համալիրից' համերգը կկայանա երգչուհու «Կաասը երգում է Պիաֆ» (Kaas Chante Piaf) ալբոմի ներկայացման համաշխարհային շրջագայության շրջանակում:
Կայանալիք համերգային ծրագրի ընթացքում Կաասը կկատարի Էդիտ Պիաֆի հանրահայտ երգերը:
Համերգի տոմսերի արժեքը տատանվում է 5-50 հազար դրամի միջակայքում:
Ֆրանսիացի երգչուհին երգում է մի ոճով, որտեղ դասական շանսոնը զուգակցվում է փոփ և ջազ ոճերի հետ:
Կաասը մեծ հռչակ է վայելում ֆրանսալեզու և գերմանալեզու երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում: Մշտապես հյուրախաղեր ունեցող երգչուհին 2009 թվականին ներկայացրել է Ֆրանսիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում' զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: