Երգչուհի Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Արցախում և Հայաստանում: Ռուսական հեղինակավոր «Голос» նախագծի մասնակիցը բարձրարվեստ կատարումներով անմոռաց ակնթարթներ կպարգևի իր երկրպագուներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում համերգի կազմակերպչներից «Emile Karat studio»-ի ղեկավար Էմիլ Կարատը տեղեկացրեց, որ Մերաբովան ապրիլի 1-ին բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտում, ապրիլի 5-ին՝ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ «Մեցցո» ակումբում: Երգչուհու հետ հանդես կգա նաև «Միրայֆ» ջազ-բենդը, որի գեղարվեստական ղեկավարը նրա ամուսին Արմեն Մերաբովն է: Համերգների կազմակերպմանը մասնակցում են նաև «Yerevan event»-ը և «Արմե նիա» հեռուստաընկերությունը:
«Բարձրակարգ ջազային երաժշտություն լսող հանդիսատեսը կդիտի շատ հագեցած և հետաքրքիր համերգային շոու: Կհնչեն թե՛ հայտնի, թե՛ նոր ստեղծագործություններ: Մարիամը համերգի հանդիսատեսի համար պատրաստել է անակնկալ՝ նրա համերգային ծրագրում առաջին անգամ կհնչեն հայերեն երգեր»,-տեղեկացրեց Էմիլ Կարատը:
Մերաբովան հանդես կգա նաև վարպետության դասով, որին կկարողանան մասնակցել երաժշտական կառույցների աշակերտներն ու ուսանողները:
«Երևանում իմ ամեն մի համերգի ես սպասում եմ անհասկանալի հուզմունքով: Լեգենդար բեմին կանգնելն իսկական երջանկություն է, մի դահլիիճում, որտեղ անցել է իմ մանկությունը: Հայաստանի հետ հանդիպումը միշտ յուրահատուկ իրադարձություն է իմ և ամուսնուս՝ Արմեն Մերաբովի համար: Իմ մանկության քաղաքում լինելն ինձ ոչ միայն ուղղակի վերադարձնում է իմ կյանքի սկիզբ, այլև իմ ժողովրդի արմատներին: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և ձեր սրտերը»,-համերգների մասին ասում է Մարիամ Մերաբովան:
Երգչուհին արդեն իսկ հանդես է եկել Հայաստանում` 2013 թվականի Երևանյան երաժշտական շաբաթի շրջանակում: