Երևանյան հանդիսատեսին լիաթոք ծիծաղ պարգևելու համար կրկին Հայաստան է ժամանել երգիծաբան Վահե Բերբերյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունից, Բերբերյանի նոր՝ «Եթե» երգիծական ներկայացումը հանրությանը կներկայացվի հուլիսի 23-24-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում, ինչպես նաև հուլիսի 25-ին Վահագնի թաղամասում:
Վահե Բերբերյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 2009-ին «Դիիմ Քոմյունիքեյշնզի» հրավերով «Սակայն» ներկայացմամբ, որից հետո առավել մեծ ճանաչում և սեր է ձեռք բերել հայաստանյան հանդիսատեսի շրջանակում: Այդ ներկայացումով նա հասցրել է սիրված և սպասված երգիծաբան դառնալ հայ հանդիսատեսի համար:
Բերբերյանը ծնվել է 1955 թ-ին Բեյրութում: 1977 թ-ից տեղափոխվել և հաստատվել է ԱՄՆ-ում, այժմ ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում: Նա մի շարք գրքերի և բազմաթիվ պիեսների հեղինակ է, իսկ նրա մի քանի նկարչական ստեղծագործություններ իրենց ուրույն տեղն են գտել տարբեր մասնավոր հավաքածուներում: Չնայած այն փաստին, որ նա ստեղծագործում է մի քանի բնագավառներում՝ նրան առավել մեծ ճանաչում են բերել «Եվ այլն», «Նաև», «Տակավին», «Սակայն», իսկ այժմ արդեն «Եթե» stand-up երգիծական ներկայացումները: