Հայաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի հնգամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Չուլպան Խամատովայի մասնակցությամբ համերգ-ներկայացումը կհանդիսանա երախտագիտության նշան քաղցկեղով հիվանդ երեխաների թանկարժեք բուժումն ապահովող բարերարներին: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հայաստանյան «Նվիրիր կյանք»հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը:
Կոմպոզիտորի խոսքով՝ հայաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամը իր առաջին քայլերն սկսել է անել Չուլպան Խամատովայի օգնությամբ, ով 2006 թ. հիմնել է Ռուսաստանաում գործող համանուն ոչ պետական բարեգործական հիմնադրամը:
«Այն, ինչ այստեղ անում է հայկական «Նվիրիր կյանք» հիմնադրամը, անասելի կարևոր և անհրաժեշտ աշխատանք է: Վերջերս երեխայիս մանկապարտեզ տանելու ճանապարհին ինձ մոտեցավ մի կին և խնդրեց օգնել Հայաստանում գտնվող երեխայի՝ ում մոտ ախտորոշել են լեյկեմիա, և անհրաժեշտություն կա բերել Մոսկվա: Ես շտապեցի հավատացնել նրան, որ Մոսկվա հասնելու անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանում արդեն գործում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որն անհապաղ օգնության ձեռք մեկնեց երեխային», - ասաց Չուլպան Խամատովան:
Դերասանուհին հավելեց, որ քաղցկեղը հանդիսանում է ամենաթանկարժեք բուժում պահանջող հիվանդություններից, որի բուժման համար անհրաժեշտ են թանկարժեք դեղեր: Սակայն դրանք առաջացնում են բարդություններ, իսկ վերջինների վերացման համար պետք է մեկ այլ դեղ, որը նույնպես կարող է բարդություններ առաջացնել, այնուհետև անհրաժեշտ են սատարող սարքեր, վերականգնման ընթացակարգ:
«Հնարավոր չէ անընդհատ բարեգործներից գումարներ խնդրել, անհրաժեշտ է նաև շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր սատար են կանգնում հարյուրավոր երեխաներին: Աննկարագրելի զգացում է կանգնել բեմի վրա և շնորհակալություն հայտնել այդ մարդկանց: Այս առիթով իմ երկու երաժիշտների հետ մենք այսօր հանդես կգանք համերգ-ներկայացմամբ, որը կրում է Մարինե Ցվետաևայի բանաստեղծություններից «Այն ժամին, երբ հոգիներ ես մտնում...» կամ «Երաժշտության դասեր» խորագիրը», - նկատեց Չուլպան Խամատովան:
Ներկայացնելով բեմադրության ստեղծման պատմությունը, դերասանուհին պատմեց, որ իր և իր երաժիշտ ընկերների նպատակն է եղել երաժշտության ու բառերի փոխլրացումն ապահովելը, որի արդյունքում հանդիսատեսը չի զգա, թե այդ պահին բեմում որն է գերակշռում՝ տեքստը, թե երաժշտությունը:
«Նվիրիր կյանք» հիմնադրամի սահմանափակ ֆինանսական հնարավորությունների պատճառով մենք ի վիճակի չենք դեռ հանձն առնել վիրահատությունների ապահովումը, սակայն աշխատում ենք օգնել բուժման ընթացքում և բուժումը հասցնել մինչև երեխայի ապաքինումը: Այդ իսկ պատճառով եթե մեր ճանապարհի սկզբին կորցված կյանքերի քանակը կազմում էր 40 բուժվող երեխայից 19-ը, ապա այսօր մեր կորուստների քանակը մի քանի անգամ կրճատվել է: Սակայն այս հիվանդությունը այնպիսին է, որ, ցավոք, միայն տասը տարի անց մենք կկարողանանք ասել, թե որքան երեխայի կյանք մեզ հաջողվեց փրկել», - նկատեց Մարինե Ալեսը:
«Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամը հիմնվել է 2009 թ.` Ռուսաստանի «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ:Նպատակն է օգնություն ցուցաբերել քաղցկեղով, հեմոտոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է Հ այաստանի առաջին տիկին ՌիտաՍարգսյանը: