Պարզվում է' դերասանուհի, «Կյանքի գինը» հեռուստասերիալում Մերիի կերպարը մարմնավորած Ալլա Սահակյանը «գաղտնի» ամուսնացել է: Ավելին' նա արդեն փոքրիկ ունի :)

Այսօր ծննդյան 31 ամյակը նշող դերասանուհին ESem.am-ին պատմեց վերջին շրջանում անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների' ամուսնության և փոքրիկի ծնվելու մասին:

Ալլայի ընտրյալը հայտնի կոմպոզիտոր, ջազմեն Գարի Քոսայանն է: Ըստ դերասանուհու' իրենք բավականին ժամանակ միմյանց հեռակա ճանաչել են, իսկ անմիջական ծանոթությունը շատ պատահական է եղել: Իսկ որոշ ժամանակ որպես արվեստագետներ շփվելուց հետո այս տարվա փետրվարին իրար տեր և հնազանդ լինելու խոստում են տվել:
Զույգի առաջնեկը' Մարիան, ծնվել է սեպտեմբերի 21-ին: «Ես ու Գարին փոքրիկի հետ կապված ամեն բան համատեղ ենք որոշել ու գնել' սկսած անվան ընտրությունից, վերջացրած անհրաժեշտ իրերով: Փոքրիկս Տիրամոր անունն է կրում, մի անուն, որը և´ շատ ենք սիրում, և´ շատ գեղեցիկ է հնչում»,- նշեց նորաթուխ մայրիկը:

Ըստ դերասանուհու' ինքն այսօր իր լավագույն ծննդյան օրն է նշում: «Այս տարի ծննդյանս օրը շատ տարբերվող է, այն սիրելի ամուսնուս և փոքրիկիս հետ եմ նշում: Կեսգիշերին առաջինն ինձ Գարին շնորհավորեց և հիանալի անակնկալ մատուցեց' ինձ նվիրված և իմ անունը կրող երաժշտական ստեղծագործություն»,- հավելեց Ալլան:
Դերսանուհու ստեղծագործական գործունեությունը' ի տարբերություն անձնականի, վերջին շրջանում շատ պասիվ է, չնայած որ մի քանի հեռուստասերիալներում և ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ են եղել: «Հղիությանս շրջանում մի քանի առաջարկներ եմ ունեցել, բայց բոլորը մերժել եմ, քանի որ արտաքին տեսքս այնքան էլ բեմական չէր, մարմինս փոխվել էր: Այժմ միայն փոքրիկովս եմ զբաղված, բայց, կարծում եմ, առաջիկայում թատրոն կվերադառնամ»,- հայտնեց դերասանուհին:

 

ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն' սեր և երջանկություն մաղթում:

 

Շնորհավոր. Մերի Պողոսյան