Դերասանուհի Մարիամ Սարյանը, ով նկարահանվում էր «Անուրջներ» հեռուստասերիալում, վերջին շրջանում չի երևում հեռուստաեթերում: Պարզելու, թե Մարիամն ինչով է զբաղված այժմ, ESem.am-ը խոսել է վերջինիս հետ: Մարիամից տեղեկացանք, որ վերջերս է վերադարձել Բուլղարիայից, ուր մեկնել էր ամուսնու հետ' մասնակցելու «Театр в движении» ցուցահանդես-ֆորումին: «Ամուսինս գեղանկարիչ է և ֆորումի ղեկավար Դարիա Դենիսենկոյից հրավեր էր ստացել մասնակցելու ամենամյա ֆորումի, որն այս տարի անցկացվեց Բուլղարիայում»,-նշեց Մարիամը:

Մինչ Բուլղարիայում ստացած տպավորություններին անդրադառնալը' դերասանուհին պատմեց, թե ինչպես են Բուլղարիա գնալու ճանապարհին հայտնվել Թուրքիայում: «Հայաստանից չվերթ չկար դեպի Բուլղարիա, և մենք որոշեցինք ավտոբուսով գնալ: Հայաստանի սահմանն անցնելուց հետո մեր ավտոբուսը փչացավ: Ավտոբուսում երկու կին կային, ում հետ մտերմացել էինք ճանապարհին, ու նրանք մեզ առաջարկեցին հյուրընկալվել Թուրքիայի իրենց տանը,- պատմեց Մարիամը և նշեց, որ անչափ տպավորված է Թուրքիայով: -Ինձ համար կոտրվեց այն կարծրատիպը, թե Թուրքիայում հայը վտանգի մեջ է հայտնվում: Նրանք շատ լավ և ժպիտով էին վերաբերում հայերին, նույնիսկ, երբ իմանում էին' հայ ենք, նշում էին, որ ծանոթ ընկեր կամ տատիկ ունեն»:

Թուրքայում մի քանի օր մնալուց հետո Մարիամն ու ամուսինը' Արթուրը, ճամփորդությունը շարունակել ու հասել են Բուլղարիայի Սոֆիա քաղաք, որտեղ էլ նրանց դիմավորել է ամուսնու եղբայրներից մեկը: Դերասանուհին ESem.am-ին տեղեկացրեց, որ Սոֆիայում մաստեր կլաս անցկացնելու հնարավորություն է ունեցել այնտեղի թատերական ակադեմիայում, որից հետո ամուսնու հետ մասնակցել են նաև մեկ այլ փառատոնի. «Շատ հետաքրքիր ճամփորդություն էր. շատերի հետ ծանոթացանք, մի շարք կտավներ, գրաֆիկ աշխատանքներ վաճառեցինք, բազմաթիվ դիմանկարներ արեցինք: Ամուսինս էքսպերիմենտալ շոուի մասնակցեց, որի ընթացքում ձեռքերով ու մատներով նկարեց ու մեծ կտավ հավաքեց»:

Դերասանուհու փոխանցմամբ'միայն հունվարից կկարողանա ներկայանալ որպես դերասանուհի, իսկ մինչ այդ' հոկտեմբերին, պատրաստվում է Փարիզ մեկնել: «Բուլղարիայում ամուսինս հրավեր ստացավ Փարիզում մասնակցելու Պիեր Կարդե և Գրան Պոլե ցուցահանդես-վաճառքների: Դրանց ընթացքում շոու է լինելու և նաև ես եմ մասնակցելու: Այս ցուցահանդեսների ժամանակ ևս ամուսինս պետք է նկարի առանց վրձինների' միայն ձեռքերով»,-եզրափակեց նա:

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը