«Դեպի վայրէջք» 25 մասանի ֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այս հեռուստասերիալի անոնսը, որն ուղեկցվում է բավականին բաց ու անկեղծ տեսարաններով, շեղել է մարդկանց ուշադրությունը: Դերասաններն արդեն իսկ այդ տեսարնների վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցներով են հանդես եկել, իսկ մեկնաբանություններում քննարկվող թեմաներից մեկն էլ այն է, թե ինչպես են դերասաններ Սարգիս Գրիգորյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի կանայք «հանդուրժել», որպեսզի իրենց ամուսինները նման տեսարաններում նկարահանվեն:

 

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում խոսել է Ալեքսանդր Բաբասյանի կնոջ՝ Լիլիթ Բաբասյանի հետ:

 

«Ես ի սկզբանե իմացել եմ, թե ում հետ եմ ամուսնանում: Ալեքսանդրը դերասան է ու ես դեմ չեմ, եթե լավ նախագծերում նա նկարահանվի նաեւ բաց տեսարաններում: Մենք ամուսիններով իրար աշխատանքային հարցերում չենք խանդում, նա կարող է նման տեսարաններ ունենալ, ես էլ, որպես դիետոլոգ, կարող եմ շփվել տարբեր տղամարդկանց հետ»,- մեզ հետ զրույցում նշեց Լիլիթը:

 

Ալեքսանդրն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ նկարահանվելուց առաջ նախապես խորհրդակցել է կնոջ հետ, վերջինս էլ դրական է արձագանքել, թեեւ դերասանի խոսքով՝ հաճույքով կասեր՝ ոչ, մի նկարահանվիր: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ դերասանի կինը հավելեց.

 

«Իրականում մենք խոսել ենք, ես էլ նրան ասացի՝ խնդրում եմ, ինձ մի խառնիր քո աշխատանքին, արա այն, ինչ ուզում ես: Իհարկե, որքան էլ գիտակցում եմ, որ դա խաղ է, բայց ամեն դեպքում այդ տեսարանը տղամարդու եւ կնոջ միջեւ է զարգանում, հետեւաբար այդ պահին հնարավոր է սեքսուալ ձգողականություն: Ինքս հավանաբար չեմ նայի այդ սերիաները, որովհետեւ չեմ ցանկանա դիտել: Բայց հաստատ խանդի հարց չկա, չէ որ հոլիվուդյան դերասաններն էլ են բաց տեսարաններում խաղում: Որպես դերասանի կին՝ դեմ չեմ, երբ դրանք արվում են լավ ֆիլմերի համար»: