Այս օրերին «Արմենիա» հեռուստաընկերությունը վերսկսել է «Մամա» հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները: Սույն հեռուստանովելում գլխավոր դերակատարներից մեկին մարմնավորած Ալեքսանդր Բաբասյանն այլևս չի նկարահանվում: Հեռուստասերիալից դուրս գալու պատճառը ճշտելու համար ESem.am-ը զրուցել է տևական ժամանակ Մոսկվայում բնակվող Ալեքսանդրի հետ:
«Ինձ որոշ ժամանակ առաջ տեղեկացրեցին, որ «Մամա» հեռուստասերիալը կրկին նկարահանելու միտք կա և հրավիրեցին Հայաստան՝ իմ դերը շարունակելու: Սկզբից համաձայնեցի, բայց հետո, երբ իմացա, որ ընդամենը մի քանի սերիա է նկարահանվելու՝ որպես ֆիլմի վերջաբան, անիմաստ համարեցի այստեղ` Մոսկվայում, գործերս կիսատ թողնելն ու վերադառնալը»,- ասաց սերիալային դերասանը:
Նրա խոսքով՝ մեծ հաճույքով կրկին երկարատև կաշխատեր սերիալի ստեղծագործական անձնակազմի հետ: «Իսկապես հիանալի աշխատակազմ էր հավաքված: Ֆիլմի ընթացքում հիանալի խաղընկեր եմ ունեցել` Ալինա Մարտիրոսյանը, առանց նրա, կարծում եմ, իմ կերպարը ստացված չէր լինի: Վստահ եմ` Ալինան համակարծիք է ինձ հետ»,- ESem.am-ի հետ զրույցում նշեց սերիալային դերասանը:
Ալեքսանդրի հավաստամամբ` այս ընթացքում Հայաստանից շատ առաջարկներ է ստացել, որոնք ստիպված է եղել մերժել: «Չեմ կարող ասել, որ Հայաստանում ինձ մոռացել են, այս վեց ամիսների ընթացքում մի շարք առաջարկներ եմ ստացել տարբեր հեռուստանովելներում նկարահանվելու համար, բայց քանի որ դրանք երկարատև չէին, ստիպված էի մերժել: Հատկապես մեծ ափսոսանքով հրաժարվեցի իմ լավ ընկերոջ` Ելենա Արշակյանի առաջարկած դերից: Նա ցանկություն ուներ, որ «911» ֆիլմաշարում մարմնավորեի գլխավոր դերակատարներից մեկին: Ինձ միշտ հաճելի է եղել Ելենայի ու, ընդհանրապես, մեր թիմի հետ աշխատելը: Ինչքան էլ այստեղ իմ բիզնեսի գործերը լավ լինեն, մեծ ցանկություն ունեմ կրկին եթեր վերադառնալու: Բիզնեսով դեռ կհասցնեմ զբաղվել»,- ասաց Ալեքսանդրը:
Ալեքսանդրը ցանկանում է նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությւոն ձեռք բերել, ինչի կապակցությամբ ասաց. «Ինչ եկել եմ այստեղ, թղթաբանական հարցերով եմ զբաղվում, ցանկություն ունեմ այստեղի քաղաքացի դառնալ, տեսնենք, եթե ամեն ինչ հաջողվի սեպտեմբերին ռուսական անձնագիր կունենամ»:
ESem.am-ի հարցին` երբ է դերասանը պատրաստվում կնոջ հետ վերադառնալ Հայաստան, պատասխանեց. «Կրկին այդտեղ բնակվելու նպատակով կվերադառնամ այն ժամանակ, եթե հստակ առաջարկներ ունենամ: Ամառն այստեղ` Մոսկվայում կանցկացնեք»:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը