Ալեքսանդր Բաբասյանի կնոջ' Լիլիթ Բաբասյանի օրերս տված հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել: Ըստ Լիլիթի' իրենց ընտանիքում հիմա խիստ լարվածություն է տիրում, որին, նրա կարծիքով, երեք ելք կա' կամ ինքը պետք է հանձնվի, կամ Ալեքսանդրը որոշ բաներ փոխի իր մեջ, կամ վերջ տան իրենց ամուսնությանը:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսել է Ալեքսանդր Բաբասյանի հետ: Նա նույն կերպ չէր մտածում, ինչ Լիլիթը, ըստ նրա' իրենց ընտանիքում լարվածություն բացարձակապես չկա:
«Լիլիթի' նշած երեք ճանապարհներից լինելու է մեկը, որը ես եմ ուզում, քանի որ իմ ուզած յուրաքանչյուր բան արդարացված է: Ասեմ ավելին' իմ ցանկությունները մանկական կապրիզներ չեն, այլ կյանքի փորձի հիման վրա երկար մտածված են: Եթե ընտանիքիս համար որեւէ բան եմ ուզում, դա քմահաճույք չի կարող լինել: Ասեմ, որ ես երբեք չեմ կարողանա փոխվել, քանի որ կյանքիս երեւի կեսն արդեն ապրել եմ, իսկ կնոջ լռելն ու չբաժանվելն ավելի արդարացված տարբերակ է: Կինը կարող է լռել եւ համակերպվել այն մտքի հետ, որ ես այսպիսինն եմ եւ իմ կայացրած որոշումները միայն ընտանիքիս բարօրության համար են: Ինչ վերաբերվում է բաժանությանը, հիմա, մեկ տարի անց, կամ թե տասը ու հարյուր տարի հետո մենք չեն բաժանվի, նման բան իմ ընտանիքում չի կարող լինել»,- ընդգծեց նա:
Մեր դիտարկմանը, թե այս ժամանակաշրջանում որքանո՞վ է ճիշտ լռեցնել կնոջն ու թույլ չտալ սեփական կարծիքն ու անհատականությունը ցույց տալ, պատասխանեց.
«Եթե մարդն ուզում է լավ անհատ լինի, ճիշտ դաստիարակի իր երեխային, ապա երբեք անցած էտապ չի լինում այն ամենը, ինչի համար մեր պապերը արյուն են թափել: Շատերն իրենց կյանքն են տվել հանուն պահպանողականության, մեր արժեքների փոխանցման համար: Մեր հայկական ավանդույթների համար պարտական եմ նախնիներիս: Եթե այսօր դրանք մոռանանք, ու ասենք' վերջ, մենք այլեւս պահպանողական չենք, ուրեմն պետք է ընդունենք նաեւ այն աղջիկներին, ովքեր մերկանում են, կրծքերին գրում «Ֆեմինիզմ» ու սկսում են պտտվել քաղաքով մեկ: Դե եկեք բոլորս էլ տկլորանանք ու նույնը անենք, ասենք վերջ, կինը պետք է խոսի, ավանդույթներն անցած էտապ են: Առանց այն էլ մեր ազգի 70%-ը դարձել է «подкаблучник», էսօր մեր քաղաքի տղամարդկանց մեծ մասը կնոջ լծի տակ են ապրում, տղամարդիկ առանց կանանց լավ մեծ-մեծ խոսում են, բայց իրականում նրանց կինն է իշխում: Սրանով չեմ ասում, թե կնոջ կարծիքը պետք չի հաշվի առնել, բնականաբար, ինքս էլ հաշվի եմ առնում կնոջս կարծիքը, քանի որ իրեն իմ կյանքի ուղեկից եմ տեսնում, բայց գտնում եմ, կինը տղամարդուց պետք է քիչ խոսի»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։