esyes.am-ը շարունակում է ներկայացնել հայկական սերիալների ամենացանկալի դերասաններին: Այս անգամ ներկայացնելու ենք Հայկ Պետրոսյանին, Երվանդ Ենգիբարյանին, Մովսես Նիկողոսյանին, Մովսես Երեմյանին և Արմեն Դալլաքյանին: Մանրամասները' ստորև.

Հայկ Պետրոսյան
Հայկ Պետրոսյանը' նույն ինքը' «Քաղաքում»-ի Նարեկը, ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 22-ամյա դերասանը հասցրել է թատրոնում բազմաթիվ դերեր ունենալ: Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում խաղացել է «Սասունցի Դավիթ», «Մոխրոտ», «Հրեշը և գեղեցկուհին» ու մի շարք այլ ներկայացումներում: Առաջիկայում էլ «Անուշ» ներկայացման մեջ հանդես կգա որպես Սարո: Հեռուստասերիալներում առաջին փորձը եղել է «Քաղաքում»-ը, որով էլ հայտնի դարձավ շատերին. «Իհարկե, շատ լավ է, որ հայտնի ես, ավելի վստահ ես քեզ զգում, սակայն դա իր բացասական կողմն էլ ունի. հանդիսատեսը քեզ ճանաչում է որպես Նարեկ, ոչ թե Հայկ»,-ասաց Հայկը: Դերասանը չի դժգոհում հոնորարներից:

Երվանդ Ենգիբարյան
29-ամյա Երվանդ Ենգիբարյանը սովորել է Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում և Կ.Ստանիսլավկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում: Թատրոնում իր խաղացած դերերից բոլորին է կարևորություն տալիս: Խաղացել է «3 ընկեր» ֆիլմում, «11», «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակ» սերիալներում: Երվանդը նշեց, որ ինչ-որ մակարդակի հասնելը շատ հեշտ է. «Հայտնիությունն ինձ պատասխանատվություն տվեց, քանի որ շատ հեշտ է հասնել ինչ-որ մակարդակի, ավելի դժվար է պահել այն: Պետք է ավելի զգոն լինես, որ հասկանաս, թե ինչ մեծ պատասխանատվություն ես վերցնում քեզ վրա»,- ընդգծեց Երվանդը: Իսկ իր աշխատանքի դիմաց ստացած հոնորարից գոհ չէ. «Դերասանները կարող են երկու ամսվա ընթացքում վճարվել մեկ տարվա համար, բայց մեկ տարի ու ավելի աշխատանք չունենան: Այդ իսկ պատճառով դժվար է ասել, այդ հոնորարներով կարո՞ղ ես ընտանիք պահել, թե' ոչ»:

Մովսես Նիկողոսյան
«Քաղաքում» հեռուստասերիալի Կարբիտը' Մովսես Նիկողոսյանը, 24 տարեկան է: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ռեժիսուրայի բաժնում: Խաղացել է Համազգային թատրոնում, ներկայացումներով հանդես է եկել նաև Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում: Դերասանն իր խաղացած ներկայացումներից առանձնացրեց «Երեք գրոշանոց օպերան», «Ոտքի, դատարանն է գալիս», «Քո կյանքի ժամերը»: Առաջին սերիալը, որտեղ հանդես է եկել, եղել է «Լիալուսինը», որտեղ մարմնավորել է Վլադին: Մովսեսը նշեց, որ հայտնիության շնորհիվ երբեմն գումար է տնտեսում:) «Երբ ինձ չէին ճանաչում, որոշ բաների համար վճարում էի, իսկ հիմա անվճար եմ «վաստակում» դրանք :)»:

Մովսես Երեմյան
Մասնագիտությամբ դերասան 21–ամյա Մովսես Երեմյանը բարձրագույն կրթություն ստացել է Թատերական ինստիտուտում: Մովսեսի խոսքերով' թատրոնում խաղալու առաջարկներ բազմիցս եղել են, բայց հրաժարվել է: Առաջին հեռուստասերիալը, որում խաղացել է և մեծ ճանաչում ձեռք բերել, եղել է «Գեներալի աղջիկը»: Նա մարմնավորել է Ալեքսանդրին: Դերասանը մեծ ճանաչում ձեռք բերեց ու սիրվեց շատերի կողմից: Հայտնի լինելը, սակայն, Մովսեսին չի գրավում, քանի որ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել:

Արմեն Դալլաքյան
24-ամյա Արմեն Դալլաքյանը դերասանական կրթություն ստացել է Ֆրանսիայում: Հայաստանում սովորել է Մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Դերասան-իրավաբանը դերեր է ունեցել մի շարք սերիալներում' մարմնավորելով «Աննա»-ում' Նարեկին, «Հրեշտակների դպրոց»-ում' Արթուրին, «Դժվար ապրուստ»-ում' Միկային, «Հարազատ թշնամի»-ում' Մաքսին: Որպես թատրոնի դերասան' ունի իր թատերախումբը «Մետրո» թատրոնում, որտեղ թե՛ ներկայացումներ է բեմադրում, թե՛ հանդես է գալիս որպես դերասան: Արմենի համար հայտնիությունից ավելի կարևոր է «մարդ» լինելը: Ըստ դերասանի' երբեք աստղային հիվանդությամբ չի տառապել, չի կորցրել իր «եսը»: Արմենի փոխանցմամբ' չի աշխատում գումարի համար, իր կերպարներից յուրաքանչյուրը տարբերվում է. «Եթե աշխատեի գումարի համար, իմ կերպարները չէին տարբերվի իրարից»:

Դերասաններին ներկայացրեց Մելանյա Հարությունյանը