Հեռուստացույցի ալիքները փոխում ես' հանդիպելով տարբեր տեսակի հաղորդումների' հումորային, երաժշտական, ժամանցային: Օրվա մեծ մասը լցնում ու ժամանց են ապահովում նաև հայկական սերիալները: Հեռուստադիտողներից առաջինը հավանում է ֆիլմի սյուժեն, երկրորդը' ռեժիսորական աշխատանքը, մյուսներն էլ' դերասաններին ու նրանց խաղը: esyes.am-ն անդրադառնում է դերասաններին' նրանց կյանքի փոքրիկ մանրամասներով:
Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանը դժվարությամբ է հիշում թատրոնում խաղացած իր դերերը, բայց առանձնացնում է բազմաթիվ մանկական ներկայացումներ. Դոն Կիխոտ ներկայացման մեջ մարմնավորած Սամսոն Կարասկու կերպարը, Նարեկ Դուրյանի «Նեմեսիս» ներկայացման մեջ Թալեաթ Փաշայի կերպարը: Դերասանը համապատասխան կրթություն ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մարիոնետների բաժնում: Արդեն 33 տարեկան է, բայց բազմաթիվ սերիալներում է խաղացել' «Ռուզանի Սիրտը», «Ճակատագրի գերիներ», «Որոգայթ», «Ժառանգներ», «Լիալուսին», «Անծանոթը», որի արդյունքում էլ սիրվել ու ճանաչվել է հանդիսատեսի կողմից, ինչը դերասանը պարտավորեցնող է համարում: «Հայտնիությունն ինձ տվեց հարգանք, վստահություն, շատ տեղերում նաև' զգուշավորություն»,- ընդգծեց Սարգիսը: Թե´ ներկայացումներից, թե´ սերիալներից ստացած գումարը Սարգիսը գաղտնի է պահում' այն պատճառով, որ «մեր ժողովուրդը շոու բիզնեսի մասին վատ կարծիք չկազմի»:
Դավիթ Սեխպեյան
25-ամյա դերասան Դավիթ Սեխպեյանը բարձրագույն կրթություն ստացել է երկու բաժիններում' Թատրոնի ռեժիսուրա և Դերասանի վարպետություն' Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Գրիգոր Մկրտչյանի արվեստանոցում: Դավիթը հրաժարվեց խոսել իր սերիալային դերերից ' բացատրելով, որ սերիալում այլևս չի նկարահանվում և մեծ տեղ ու նշանակություն է տալիս թատրոնում խաղացած դերերին, որոնց համար բազմաթիվ մրցանակներ է ստացել' «Լավագույն բեմադրություն», «Լավագույն դրամատիկ դերակատար», «Լավագույն խոսք», «Լավագույն երգ» և այլն: Դերսանը նշեց ու առանձնացրեց այն ներակայացումները, որտեղ դերակատարում ունի. Վիլյամ Սարոյան' «Հեյ, ով կա», Ալեքսանդր Շիրվանզադե' «Մորգանի խնամին», իտալական պիեսներ, «Մոլագար» պիեսը' մոլագարի դերում, իսկ մանկական ներկայացումները, ըստ դերասանի, իր թույլ տեղն են: «Իմ ամենասիրելի ժանրն է»,- ասաց Դավիթը: Շատերին Դավիթը հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» սերիալից, ինչն էլ նրան հնարավորություն տվեց շփվել հեռուստադիտողի հետ, որն էլ, ինչն, ըստ նրա, հայտնիության միակ լավ բանն է:
Ինչ վերաբերում է դերասանի ստացած աշխատավարձին' Դավիթը չի հրապարակում, ու այն համարում է անձնական խնդիր: Ըստ նրա՝ հիմա չի աշխատում ու, որպես աշխատող, գրանցված չէ որևէ թատրոնում կամ հեռուստաընկերությունում, բայց դժգոհում է. «Ինչպես կարելի է 28 տարեկան դերասանին կամ էլ մշակույթի մյուս բնագավառի աշխատողներին վճարել 50.000 դրամ»: Վերջում դերասանը փաստում է, որ մշակույթի գործիչը չի գնահատվում, այդ իսկ պատճառով էլ դերասանները զբաղվում են կոմերցիոն այլ աշխատանքներով:
Դավիթ Մարդյան
Երիտասարդների կողմից սիրված դերասան Դավիթ Մարդյանը դերասանական կրթություն չունի. որոշ ժամանակ հոգեբանություն է ուսումնասիրել: 23 տարեկանում հասցրել է բազմաթիվ աղջիկների ուշադրության կենտրոնում լինել' խաղալով «Դժվար ապրուստ» սերիալում' Ստյոպիկի դերը, այժմ էլ «Հարազատ թշնամի» սերիալում' Վիտուսի դերը: Ըստ Դավթի՝ հայտնիությունն ունի շատ բացասական կողմեր: Նա կարծում է, որ, հայտնի լինելով, շատ բաներ չես կարողանում ազատ անել, քանի որ ուշադրության կենտրոնում ես:
Հարցին, թե որքան հոնորար է ստանում մեկ դերի համար, Դավիթը ծիծաղեց, բայց և չհայտնեց:
Ալեքսանդր Բաբասյան
31 տարեկան այս դերասանը չունի դերասանի կրթություն, այլ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը' մասնագիտանալով՝ որպես տրանսպորտային տնտեսագետ: «Որոգայթ», «Աննա 1», «Աննա 2», «Գեներալի աղջիկը» և «Մամա». Ահա այն սերիալները, որտեղ Ալեքսանդրը մարմնավորել է տարբեր կերպարներ: Նրան սերիալները տվեցին հայտնիություն, ինչը դերասանի համար մեծ հետաքրքրություն է: «Շատ դերասաններ կան, որ հայտնի են, բայց սիրված չեն, իսկ ես զգացի' թե´ սիրված, թե´ չսիրված լինելը, ու հասկացա, որ սա դարձել է իմ կյանքի անբաժան մասնիկը»,- նշում է դերասանը՝ ավելացնելով նաև, շատ է սիրում իր հեռուստադիտողներին և երկրպագուներին:
Հայկ Աֆրիկյան
30-ամյա Հայկ Աֆրիկյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինտիտուտի Ռեժիսուրայի ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Խաղացել է մի քանի ներկայացման մեջ: «Դերասանի համար չեն լինում փոքր և մեծ դերեր»,- ասում է Հայկը: Սերիալային նրա կարիերան սկսվեց «Ճակատագրի գերիները» սերիալից, այնուհետև' «Որբեր», «Դիմակահանդես» և «Անուրջներ»: Ըստ նրա՝ բոլոր սերիալներում կերտած դերերը համապատասխանում էին իր բնավորությանը: «Կարծես սցենարիստը ինձ ճանաչել, նոր է գրել սցենարը»,- նկատեց Հայկը: Բազմաթիվ աղջիկների սիրտը գրաված դերասանին ոգևորում է հայտնի լինելը և ուրախանում է, երբ փողոցում մոտենում են կամ ուղղակի ժպտում իրեն: Դերասանը վստահեցնում է, որ հայտնի լինելով՝ «աստղային հիվանդությամբ» չի տառապում: Հայկը գոհ է իր ստացած հոնորարից. «Սերիալներում նկարահանվելով' կկարողանաս սեփական մեքենա ունենալ ու անգամ ընտանիք կազմել»:
Դերասանների հետ զրուցեց Մելանյա Հարությունյանը