Երեկ կայացավ Արմենչիկի երևանյան բարեգործական մենահամերգը, որի ժամանակ երգիչը կենդանի նվագակցությամբ մոտ երեք ժամ հանդիսատեսին ներկայացրեց իր հին և նոր երգերը: Համերգի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որը զբաղվում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հարցերով:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Համերգի մեկնարկից կարճ ժամանակ անց, սակայն, նստատեղերն ազատվեցին... հանդիսատեսի զգալի մասն իջավ մարզադաշտի խոտածածկ տարածք՝ պարելու և ուրախանալու: Այսպիսով՝ մոտ երեք ժամ տևած համերգի ընթացքում հանդիսատեսը պարեց և երգեց Արմենչիկի հետ միասին:

Երգիչը ներկայացրած ստեղծագործությունների զգալի մասը ներկաներն անգիր գիտեին: Արմենչիկը լսարանին ներկայացրեց աշխարհի բոլոր երեխաներին նվիրված իր նոր երգի պրեմիերան: Երգչի հանդիսատեսին ողջունեց նաև նրա որդին՝ փոքրիկ Մայքլը, ով ներկա էր հայրիկի համերգին:)

Արմենչիկն իր շնոորհակալությունը հայտնեց հանդիսատեսին՝ նշելով, որ ինքն առանց նրանց գոյություն չունի. «Ես Ձերն եմ: Արմենչիկն առանց Ձեզ գոյություն չունի»:
Համերգին ներկա էր նաև Ֆրանչեսկա Ռամիրեզը: Նա և Արմենչիկը ներկայացրեցին իրենց զուգերգը՝ «Kiss me»-ն, ինչից հետո Ֆրանչեսկան երգեց նաև իր անհատական երգերից մեկը:

Համերգային ծրագիրը եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ:
Հ.Գ. Ինչպես յուրաքանչյուր հանրային միջոցառումից հետո, այս անգամ ևս համերգային ծրագրից հետո մարզադաշտը «քիմմաքրման» կարիք ուներ... Ցավոք, մեզանում դեռ չի ձևավորվել աղբամաններից օգտվելու կուլտուրան: