Esem.am-ը գրում է.
«Միայն թե բառերը չմոռանամ»,- հետնաբեմում հուզված ասաց երգիչ Մասիս Հունանյանը, խաչակնքվեց ու հանդիսատեսի ջերմ ծափողջույնների ներքո բարձրացավ բեմ:
Երեկ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ երիտասարդ երգչի առաջին մենահամերգը՝ «Ժպտում եմ, որովհետև երգում եմ» խորագրով: Մասիսն այս համերգին պատրաստվել էր մեծ պաասխանատվությամբ, քանի որ այն համարում է իր առաջին քայլը՝ որպես կայացած երգիչ: Նրա կարտարումների ժամանակ ներկաներից շատերը հուզվում էին, «ապրես», «բրավո», «հալալ ա» բացականչություններն էլ ուղեկցվում էին ջերմ ծափահարություններով, որոնք ուրախացնում ու ժպիտ էին պարգևում երգչին: Թեև շատերն ասում են, որ ժողովրդական երգերն այսօր մեծ մասսայականություն չեն վայելում, լեփ-լեցուն դահլիճն ու հանդիսատեսի՝ Մասիսին հավասար երգելը հակառակն էին փաստում:
Կենդանի նվագակցությամբ համերգի ժամանակ Մասիսը կատարեց արդեն սիրված ժողովրդական երգեր, իր երգացանկի ստեղծագործությունները, պրեմիերաներ արեց ու ներկայացավ զուգերգներով: Նա դուետ երգեց Ալլա Լևոնյանի հետ: Վերջինն էլ առիթը բաց չթողեց գովասանիքի իր խոսքն ասելու երիտասարդ գործընկերոջը: «Մասիսին շատ սիրել և համակրել եմ դեռ այն ժամանակ, երբ աշխատում էինք միասին (նկատի ունի «Ժողովրդական երգիչ» նախագիծը, հեղ.): Նա շատ բարետես, ժպտերես, բեմական և լավ երգիչ է»,- ասաց Ալլան ու հաջողություն մաղթեց նրան:
Ըստ ծրագրի՝ երգիչը պետք է Արսեն Գրիգորյանի՝ Ասոյի հետ ներկայացներ «Հորովելը», սակայն Արսենի ցանկութամբ բեմ բարձրացավ նաև Մխիթար Քեթցյանը, և նրանք երեքով կատարեցին հայտնի ու սիրված ստեղծագործությունը: «Գուցե դահլիճում լինեն մարդիկ, ովքեր կարծում են, որ Մասիսը մի փոքր շտապեց, կարելի էր ավելի հասուն տարիքում ունենալ մենահամերգ, սակայն ես համոզվեցի, որ այսօրվա երեկոն պետք է կայանար»,- ասաց պրն Քեթցյանը՝ հավելելով, որ Մասիսը շատ լավ ներկայացավ համերգին: Երիտասարդ երգիչն էլ իր շնորհակալությունը հայտնեց նրան՝ նշելով, որ շատ է օգնել իրեն, իր երաժշտական խորհրդատուն է:
Հանդիսավար Գրիշա Աղախանյանն իրեն բնորոշ հումորով ապահովեց երեկոյի անմիջական մթնոլորտը, ինչպես նաև պարբերաբար հարցեր ուղղելով օրվա հերոսին՝ լսարանին հնարավորություն տվեց նորովի ճանաչել նրան:)
«Մայրիկ» երգի կատարման ժամանակ երգիչը ծաղիկներ նվիրեց իր մորը, դե իսկ հանդիսատեսը չէր զլացել ու շատ ծաղիկներ էր բերել Մասիսի համար, ինչպես նշեց Գրիշան, նա կարող է «ծաղկի գործ» սկսել :)
Մասիսը նշեց, որ համերգը կայացել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի աջակցությամբ: «Նա ամբողջ ընթացքում կանգնած է եղել թիկունքիս, դուխ և ուժ է տվել ինձ, որ երիտասարդ տարիքում կկարողանամ այսպիսի համերգ ունենալ»,- ասաց երգիչը, պրն Թորոսյանն էլ ասաց, որ այս մենահամերգով բարձր նշաձող են սահմանել Մասիսի համար, և նա պետք է պահի այդ նշաձողն ու ավելի առաջ գնա:
Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչանի
Գեղեցիկ կատարումները վայելեց Ամալյա Հովհաննիսյանը