«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մասիս Հունանյանի երևանյան մենահամերգի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Այս օրերին երգիչը պատասխանատվությամբ պատրաստվում է մայիսի 14-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք մենահամերգին:
«Արդեն հստակացել է ծրագիրը, որով ներկայանալու եմ: Մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում համերգին,- ասաց երգիչը` հավելելով,- երաժիշներից յուրաքանչյուրն այնպես է պատրաստվում, կարծես իր մենահամերգը լինի»:
Մասիսի փոխանցմամբ` իրեն հաճախ են հարցնում` կոմերցիոն առումով ի՞նչ ակնկալիքներ ունի մենահամերգից, սակայն իր ակնկալիքները կոմերցիոն բնույթի չեն: «Մենահամերգը շատ կարևոր քայլ է կայացման ճանապարհին: Դրանից հետո ես ավելի հստակ կանեմ քայլերս»,- նշեց երգիչը` ոգևորությամբ հիշատակելով, որ մենահամաերգի տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, ինքն էլ մեծ անհամբերությամբ է սպասում այդ օրվան:
«Ժպտում եմ, որովհետև երգում եմ» խորագրով մենահամերգի ժամանակ Մասիսը խոստանում է ներկայանալ նորովի թե՛ կերպարի, թե՛ երգերի ընտրության առումով: Հանդիսատեսին մի շարք անակնկալներ են սպասվում,- ասաց նա` հավելելով, որ ոչ միայն երգելու է, այլև անմիջական շփվելու լսարանի հետ:
Մասիսը ESem.am-ի ընթերցողների համար բացահայտեց, որ երեկոյի հանդիսավարը լինելու է Գրիշա Աղախանյանը, ով ևս ինքնատիպ կներկայանա այդ օրը: «Գրիշային այդպիսին հանդիսատեսը դեռ չի տեսել»,- ասաց երգիչը` մյուս մանրամասները թողնելով անակնկալ:)
Հաջողություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը