Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Էստրադային երգչուհի Էմմա Պետրոսյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ երեկ ներկայացավ երևանյան առաջին մենահամերգով:

 

Առաջին կատարումից հետո հանդիսատեսի ջերմ ընդունելությունից հուզված երգչուհին ասաց. «Հուզմունքս իսկապես շատ մեծ է, մարդիկ հուզվում են, որովհետև սիրում են միմյանց, իրար տալու բան ունեն, ես սիրում եմ ձեզ ու այսօր` այս բեմից առաջին անգամ պետք է ձեզ տամ իմ երգերը, որոնցից մի մասի հեղինակը ես եմ: Կհնչեն նաև անվանի շատ այլ կոմպոզիտորների գործեր, կլինեն պրեմերաներ»:

 

 

 

Էմմայի երկրպագուները շուրջ երկու ժամ վայելեցին նրա կատարումները կենդանի նվագակցությամբ: Նա հանդիսատեսին հուզեց հատկապես որդուն` ռեփեր Ավոյին (իսկական անունը` Ավետիք) ու մորը նվիրված  հեղինակային երգերով:

 

Համերգի հատուկ հյուրերն էին ռուսատանաբնակ հայտնի հայ կոմպոզիտոր, դաշնակահար Մադաթ Ավանեսովը և Արամոն: «Անչափ շնորհակալ եմ իմ լավ ընկերոջը, բարեկամին, լավ մարդուն ու անկրկնելի կոմպոզիտորին` Մադաթ Ավանեսովին, ով այսօր, հատուկ ինձ համար ժամանել է Մոսկվայից:

 

Չեմ կարող շնորհակալական խոսք չասել նաև իմ կեսին, եթե ինքը սևն է, ես սպիտակն եմ, ինքը սպիտակն է` ես սևն եմ: Շնորհակալ եմ` միշտ կողքիս լինելու համար»,- նշեց երգչուհին, ով յուրաքանչյուր երգից առաջ ներկայացնում էր դրա ստեղծման պատմությունն ու անհատապես շնորհակալություն հայտնում հեղինակներին:

 

 

Երգչուհու երկար սպասված մենահամերգին ներկա էին դերասան Միքաել Պողոսյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, սերիալային դերասան Սուրեն Առուստամյանը, հաղորավար, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, դերասանուհի Աննա Պանին, արվեստի վաստակավոր գործիչներ:

 

Համերգի ավարտին հանդիսատեսն իր բուռն ծափահարություններով երկար ժամանակ թույլ չէր տալիս, որ  երգչուհին լքի դահլիճը:


Հիանալի ժամանակ անցկացրեց Մերի Պողոսյանը