Երեկ' մարտի 6-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահը լեփ-լեցուն էր. ջազ անվանի դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգն էր:
Հանդիսականների շարքում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցները:
Շուրջ երեք ժամ ընթացող համերգում հնչեցին Համասյանի հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև կոմիտասյան մշակումների թեմաներով ջազային իմպրովիզացիաներ: Ողջ համերգի ընթացքում հայտնի գյումրեցին հանդիսատեսին պահեց հաճելի լարվածության մեջ:
Նշենք, որ մենահամերգը տևեց նախատեսվածից ավելի երկար. հանդիսատեսի բուռն ու հոտընկայս ծափերը ջազմենին վերադարձրին բեմ և ներկաները ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան վայելելու այս անգամ դաշնամուրային կատարումը:
Հիշեցնենք, որ ջազմենի նախորդ համերը Երևանում տեղի էր ունեցել նախորդ տարեվերջին' դեկտեմբերի 14-ին, որի ժամանակ էլ ներկայացվել էր երաժիշտի «Ստվերների թատրոն» ալբոմը:
Համերգի ավարտից հետո Mediamall.am-ի թղթակիցը զրուցեց երաժշտի երկրպագուներից մեկի հետ, ով հիացած էր մատուցված բարձրաճաշակ երաժշտությամբ: Մեր զրուցակիցը մեծ ցավ էր ապրում, որ Հայաստանում անկում է ապրել երաժշտության մակարդակը և իսկական արվեստ շատ քիչ է մատուցվում հանդիսատեսին. «Համասյանն այն երաժիշտն է, որ անդադար կարող ես լսել ու չձանձրանալ: Ցավոք, հաճախ չենք կարողանում կենդանի կատարմամբ լսել նրան, շատ կցանկանամ, որ նա հաճախ այցելի Հայաստան»: