Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, նույն ինքը' «Քաղաքում» սերիալի Սոֆան, օրեր առաջ է վերադարձել Սերբիայից: Թե ի՞նչ նպատակով էր դերասանուհին այնտեղ և ի՞նչ տպավորություններով է վերադարձել, պարզիր անդրադարձից:
Սոնան առաջինը esyes.am-ին պատմեց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի (մոտ չորս ամիս է' դերասանուհին աշխատում է այդ թատրոնում) դերասաններով մեկնել էին Սերբիա' մասնակցելու «58th STERIJINO POZORJE FESTIVAL 2013»-ին:
Սոնայի փոխանցմամբ' փառատոնին մասնակցելու հրավերը ստացել են «Վիրուս» ներկայացման պիեսի հեղինակ, ազգությամբ սերբ Սինիշա Կովաչևիչից, ով մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում դիտել է ներկայացման պրեմիերան ու բոլորին հրավիրել Սերբիա:
«Ներկայացումն այնտեղ ևս հայերենով էր, սակայն դրան զուգահեռ սերբերեն տիտրեր էին գրվում: Ճիշտ է, հանդիսատեսի շարքերում հայերը քիչ էին, սակայն նրանք շատ լավ ընդունեցին մեր խաղը: Շատ դեպքերում տիտրերին չէին էլ հետևում, բայց մեր խաղին արձագանքում ու ծափահարում էին»,- պատմեց Սոնան, ով Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով բեմադրված ներկայացման մեջ հինգ սառնասիրտ բժիշկներից մեկին է մարմնավորում:
Նշենք, որ Սերբիայում անցկացրած վեց օրերի ընթացքում այս ներկայացումը խաղացել են Նովի Սադի և Բելգրադի հանդիսատեսի համար:
Սոնային տպավորել է հատկապես այն, որ պիեսի հեղինակը' լինելով նաև Սերբիայի պատգամավոր, բոլորին հրավիրել է իր ամառանոց և նրանց համար սուրճ պատրաստել:
Բացի փառատոնին մասնակցելուց, դերասանական կազմը' Մարիամ Ղազանչյանը, Իշխան Ղարիբյանը, Սամվել Դանիելյանը, Գրիգորի Հակոբյանը, Անի Բայաթյանը, Գոհար Կարապետյանը հասցրել են շրջել քաղաքներով, լուսանկարվել են, և դրանք ներկայացրել esyes.am-ի ընթերցողներին :)
«Սերբերի հետ շփումն էր մի փոքր դժվար ստացվում, քանի որ ռուսերեն չէին խոսում. ջարդված անգլերենով փորձում էին հասկանալ, թե ինչ ենք ուզում ասել: Սակայն, եթե հարց էինք տալիս, մեծ սիրով պատասխանում կամ ուղեկցում էին»,- իր տպավորությունների մասին ասաց Սոնան:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը