«Բանակում», այժմ արդեն «Քաղաքում» հեռուստասերիալից առավել հայտնի դարձած դերասան Էմիլ Գալստյանը, նույն ինքը՝ Համբարձումը, իրական կյանքում էլ հումորով է ու խենթ: Թեև բոլորը նրա տաղանդը կապում էին հայտնի դերասան Կիմ Երիցյանի հետ' նրանց պապ ու թոռ կարծելով, բայց իրականում երիտասարդ դերասանի շնորհքը այլ արմատներ ունի:
Կարդա հարզազրույցը և իմացիր մանրամասներ երիտասարդ դերասանի մասին:

- Բոլորը ոչ միայն կարծում են, թե անվանի դերասան Կիմ Երիցյանի թոռն ես, այլև նմանեցնում են քեզ նրան: Ինչ կասես այդ մասին:
- Ինքս էլ շատ եմ լսել ու լսում այդ մասին, սակայն ես մեծ դերասանի թոռը չեմ և ոչ մի կապ չունեմ նրա ընտանիքի հետ՝ որքան էլ փորձեն արտաքին որևէ նմանություն գտնել իմ ու նրա մեջ:
- Դերասանի ընտանիքից ես. ե՞րբ ես արել դերասանական առաջին քայլերդ:
- Դերասանական խաղի նկատմամբ հակումն իմ մեջ մանկուց է նկատվել: Մայրս մասնագիտությամբ դերասանուհի է: Մորս հետ 6 տարեկանից հաճախել եմ Թատերական ինստիտուտ, որտեղ մայրս Սոս Սարգսյանի կուրսում էր սովորում. միշտ իր հետ դասերին, ներկայացումներին տանում էր: Այդ ժամանակ ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը, որ այդ ժամանակ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա «Մեր մանկության պոեմ» ներկայացումն էր բեմադրում, իմ մեջ տաղանդ նկատեց: Նա նույնպես խաղում էր այդ ներկայացման մեջ, ես էլ նրա մանկությունն էի մարմնավորում: Դրանից հետո' 8 տարեկանում, նկարահանվեցի կարճամետրաժ ֆիլմում, որտեղ խաղում էին Վլադիմիր Մսրյանը, Կարեն Ջանիբեկյանը: Այս անգամ Մսրյանի մանկությունն էի կերպավորում:
- Դերասանի մասնագիտական կրթություն ունես: Ընդհանրապես, որքանո՞վ ես կարևորում մասնագիտական կրթությունը դերասանի համար:
- Այո, ավարտել եմ թատերական ինստիտուտը: Ընդունվեցի շատ լավ բալերով, չնայած վճարովի համակարգում եմ սովորել (անվճարը բալերով չեն հաշվում, այլ փողով): Գոհ եմ ինստիտուտից. չեմ ասի, թե էնտեղ մարդուն ինչ-որ տեղից վերցնում, դերասան են սարքում… Դերասանական մասնագիտությունն էնպիսին ա, որ պետք ա քո մեջից լինի, եթե դու ինքդ քեզ չտեսնենես էդ ասպարեզում, ոչ ոք քեզ չի կարող սովորեցնել: Սկզբում եղել եմ Հրաչյա Աշուղյանի կուրսում, հետո բանակի խնդիր առաջացավ. մի տարի կորցրի, վերադարձա ու շարունակեցի Արմեն Էլբակյանի կուրսում: Թատերական ինստիտուտը տեսականորեն շատ բան տվեց, բայց, դա կրկնում եմ, սովորեցնելով չի, այլ մարդու մեջից պետք է լինի: Առանց բեմի դերասան չի կարող լինել: Այսօր հեռուստաալիքներում, այսպես ասած, շատ դերասանացուներ կան, որոնք խաղում են ու իրենց էլ դերասանից բարձր են համարում: Կարծում եմ, որ սա առաջնահերթ իրենց է վատ, որ իրենք պրոֆեսիոնալ չեն ու անում են մի գործ, որին չեն տիրապետում: Երկրորդ՝ դա վատ է տվյալ հեռուստաալիքի, սերիալի, ֆիլմի համար, որ իրենց դերասանները չեն տիրապետում դերասանական վարպետությանը, կրթություն չունեն: Ասենք՝ ոսկերիչ ա, բանվոր ա, երգիչ ա, գալիս ա, ու իրեն գլխավոր դեր են տալիս: Օրինակ' ես երբեք ուրիշ գործ չեմ անի: Մենք «Շանթ» հեռուստաընկրությունում ունենք շատ նախագծեր, բայց ես անում եմ այն, ինչը պրոֆեսիոնալ եմ անում: Ես չեմ գնում պարում, ես չեմ երգում… Եթե պետք է մի բան անել, պետք է անել լավ, ոչ թե թերի:
- Քո մեջ, բացի դերասանից, որևէ այլ մանսագետի տեսնո՞ւմ ես:
- Ոչ, բացի դերասանից, ուրիշ ոչ ոքի չեմ տեսնում, չնայած մայրս ուզում էր, որ տնտեսագետ դառնամ ու ինձ դասախոսների մոտ պարապելու էր ուղարկում: Հայոց լեզու, մաթեմատիկա… բայց ես էլ նման բաներից եմ հեռու: Էդպես 3-4 ամիս մի կերպ, տանջվելով, գիշերները լացելով գնում էի պարապմունքներիս, բայց մի օր կանգնեցի ու ասացի' վերջ, սա իմը չէ, չեմ ուզում ու չեմ գնում:

- Շատ դերասաններ չեն համաձայնում նկարահանվել սերիալներում և այն ցածրակարգ են համարում: Ի՞նչ կասես այս մասին:
- Տարբեր ներկայացումներից հետո մոտենում էին, տարբեր հեռուստատեսություններից համագործակցության առաջարկ անում, բայց թատերական ինստիտուտում սերիալում խաղալը, չգիտես ինչու, գրդոն են համարում: Ես այդպես չեմ կարծում, դա նախ և առաջ փորձ է կամերայի հետ աշխատելու, այդ ասպարեզում հիմքն ավելի ամուր է լինում: Շատ են ասում, որ փողի համար են նկարահանվում. անկեղծ կասեմ, որ դա էլ կա, որովհետև այսօր ոչ մի թատրոնում դերասանին նորմալ չեն վարձատրում: Կյանքը փոխվել է. ամեն տեղ շքեղ խանութներ, սրճարաններ, բայց թատրոնում գլխավոր դերերում խաղացող դերասանը 60.000 դրամով չի կարող անգամ միջինից ցածր խանութներից օգտվել:
- Քեզ հեգեհարազատ է կոմեդիայի ժանրը: Իսկ ավելի լուրջ դերում քեզ տեսնո՞ւմ ես:
- Իհարկե, լուրջ դերերից չեմ հրաժարվի: Ինքս էլ հիմա փնտրում եմ մի ուրիշ դեր, ուրիշ ժանրում, որպեսզի ինձ այդտեղ էլ փորձեմ: Շատ եմ խաղացել լուրջ դերեր. օրինակ՝ Վիլիամ Սարոյան ենք ներկայացրել ու ասեմ, որ ստացվել է, հանդիսատեսին էլ շատ է դուր եկել. ինձ միշտ հանդիսատեսի կարծիքը հետաքրքրում է: Կարծում եմ' դերասանը իրեն պետք է փորձի ցանկացած ժանրում, բայց իր հիմնականը պահի, որտեղ իրեն ավելի լավ է զգում:
- Ինչպե՞ս եղավ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:
- Չորս տարի է՝ նկարահանվում եմ. սկզբում «Բանակում» էր, հետո վերափոխվեց, դարձավ «Քաղաքում»: Ճիշտ է, արդեն հոգնել եմ, բայց փորձում եմ չձանձրացնել հանդիսատեսին: Օրինակ՝ եթե նկատել եք, մոտավորապես 2 ամիս կլիներ, որ ես սկսել էի քիչ երևալ: Սցենարիստին ասացի, որ ինձ քիչ հատվածներ տա, քանի որ ցանկանում էի որոշ բաներ փոխել, որ նույնությունից չհոգնի հանդիսատեսը: Արդեն հունի մեջ է մտել կերպարս, սկսել է նորովի ներկայանալ: Դերասանի համար բարդ է, ինչպես ստեղծել ես, կառուցել կերպարդ, որքանով այն ստացվել է, չպետք է բավարավես, պետք է անընդհատ նոր բաներ ստեղծել, մտածել:
- Իսկ թատրոնում շարունակո՞ւմ ես խաղալ:
- Հիմա չեմ խաղում: «Էդգար Էլբակյանի» անվան թատրոնում մի քանի ներկայացումների մեջ եմ խաղացել: Ճիշտն ասած, շատ եմ ուզում լինել, բայց և՛ զբաղվածության առումով չեմ հասցնում, և՛ ամբոջ էներգիաս խլում է: Մասնավոր ներկայացումներում եմ խաղում միայն: Հիմա մի մանկական ներկայացում է բեմադրվում, կոչվում է «Կախարդական անտառի հեքիաթը»: Ի դեպ, մեր սերիալի ռեժիսորը' Հայկ Կբեյանն է բեմադրում: Ներկայացման մեջ մեր սերիալից ուրիշ դերասաններ էլ են մասնակցելու. Հուսամ՝ լավ կստացվի: Երկու ամսից արդեն պատրաստ կլինի, հավանաբար Պարոնյան թատրունում ներկայացվի:
- Կա՞ն նմանություններ Էմիլի և Ձեր մարմնավորած կերպարի' Համբարձումի միջև:
- Սխալ է ասել, որ կա նմանություն, բայց նաև սխալ է ասել, որ չկա: Նմանություն կա այնքանով, որ դա իմ ստեղծած կերպարն է, ու չի կարող ոչ մի նմանություն չլինի: Սկզբում ուրիշ կերպար էր, բայց ես վերափոխեցի, ցանկացա կերպարս մի քիչ գժոտ լինի, չհասկանա, որ սխալ բաներ անի, չգիտակցի: Գտել եմ այդ կերպարն ու առաջ եմ տանում: Ժեստերի, միմիկաների առումով է նման ինձ, բայց, ընդհանուր առմամբ, չէ:

- Ինչպիսի՞ն է Էմիլը առօրյայում, ընկերական շրջապատում:
- Կյանքում լավատես եմ: Ժամանակ է լինում' պասիվ եմ, իմ մտքերով տարված, կարող է գնամ մի տեղ, մենակ նստեմ կամ քաղաքում զբոսնեմ, մտածեմ: Շատ հումորասեր եմ, միշտ ընկերներիս հետ կատակներ եմ անում, թեթև եմ նայում ամեն ինչին, չեմ ծանրացնում ինչ-որ բան: Թեկուզ, եթե վատ բան է լինում, երբեք չեմ նեղվում, լավատեսորեն եմ վերաբերվում ու հույսս Աստծո վրա դնում:
- Ինչպիսի՞ն պետք է լինի այն մարդը, ով քեզ ընկեր կհամարվի:
- Ընկերանալ մեկի հետ դժվար է, ու եթե ընտրում ես քեզ ընկեր, պետք է առաջնահերթ ընտրես նրա մարդ տեսակը, հետո նայես նրա բնավորությանը՝ արդյոք համապատասխանո՞ւմ է քեզ, պե՞տք է, որ քո կողքին լինի, կարևո՞ր է ինքը քո կյանքում: Պետք է այս հարցերը գտնես քո մեջ, որպեսզի կարողանաս ընկերանալ: Այսօր շատ են շահախնդիր, կաշառակեր մարդիկ, մեկը մյուսին չհարգող: Սերը մեր քաղաքում շատ է պակասում:
- Իսկ ի՞նչ է պետք սերը վերականգնելու համար:
- Եթե մարդիկ մի քիչ աստվածավախ լինեն, գոնե կյանքում մեկ անգամ կարդան «Աստվածաշունչ» և փորձեն շարժվել Աստծո պատվիրաններով' սերը կվերականգնվի: Այն, ինչ ուզում ես քեզ անեն մարդիկ, նույնը պետք է դու անես նրանց: Ես դրանով եմ առաջնորդվում: Շատերը նյութականն ավելի կարևոր են համարում, բայց պետք է հասկանան, որ հենց նույն շքեղ մեքենան, բնակարանը ժամանակի հետ կվերանան, պետք է հոգևոր արժեքները գնահատել և պահպանել: Գանձերը կուտակեք ոչ թե երկրում, այլ երկնքում: Այսքանը խորհուրդ կտամ:
- Հե՞շտ է հայտնի մարդ լինելը, երբ փողոցում բոլորը ճանաչում են և այն էլ որպես Համբարձում:
- Մի կողմից հեշտ է, մյուս կողմից՝ ոչ: Հեշտ է էն առումով, որ շատ տեղերում ընդունում են, զիջումների գնում, լավ են վերաբերվում: Երբեմն մոտենում են, հաճոյախոսություն անում, ես էլ ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ մարդկանց ծիծաղեցնել, հաճույք պարգևել: Մի օր մեկը մոտեցավ, թե գիտես՝ երեխաս վեց տարեկան է, քեզ ամեն օր նայում է, ուրախանում: Ես էլ ինձ լավ եմ զգում, որ էս կյանում Աստված ինձ մի շնորհք է տվել, որ ես կարողանում եմ լավ բանի համար կիրառել, մարդկանց ուրախացնել: Կան նաև ՙքյառթու՚, չինքնահաստատված մարդիկ, որ փողոցում կարող է տեսնեն ու գոռան' ՙՀմբո, ապե, մի հատ արի՚ ու նման բաներ: Բնականաբար, չեմ կոպտում, բայց իմ մոտեցումն իրենց հանդեպ լավ չի լինում: Եղել է նաև, որ փողոցում տեսել են, ասել՝ ՙԳիտես, երեխաս ուզում է տեսնել քեզ՚, ես էլ պայմանավորվել եմ, հանդիպել:
- Անընդհատ շեշտում ես հոգևոր արժեքների, Աստծո մասին: Ո՞ր եկեղեցու հետևորդ ես:
- Ես մեր՝ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու միայն մեր առաքելական եկեղեցին եմ հաճախում. այլ եկեղեցիներ չեմ գնում:

- Նպատակներիդ հասնելու համար ո՞րն է քո գործելաոճը:
- Հատուկ ոճ չունեմ, չեմ մշակել: Ես առաջնորդվում եմ Աստծով ու իմ ուղղությունն Աստված է:
- Ինչպիսի՞ն պետք է լինի այն կինը, ում դու կսիերես ու նրա կողքին կլինես:
- Նախ՝ պետք է հնազանդ լինի, հարգի քո գործունեությունը, հարգի քեզ' որպես անձ, սիրով վերաբերվի քեզ, ընդունի էն կյանքի արժեքները, որը դու ես ընդունում: Կինը առաջնահերթ ոչ թե կին է, այլ քո մտերիմ ընկերը: Պետք է կարողանալ ամեն հարցով հետը ՙկիսվել՚, խոսել, հասկանալ միմյանց, որ վեճեր չլինեն: Էսպիսի մի խոսք հիշեցի' ասում է, եթե սիրում ես երկու հոգու' ընտրիր երկրորդին, որովհեև, եթե սիրեիր առաջինին' չէիր սիրահարվի երկրորդին: Մեկ էլ մի այսպիսի խոսք կա' մի վախեցիր կյանում կորցնելուց, որովհետև գուցե դա խանգարում էր քեզ կյանքում գտնել ավելի կարևոր մի բան: Ես չեմ վախենում կորցնելուց:
- Սիրո մեջ խենթություններ սիրո՞ւմ ես, ռոմանտի՞կ ես:
- Այնքան էլ ռոմանտիկ չեմ, ու սիրածս աղջկա համար փուչիկներով չեմ գրի՝ ՙես քեզ սիրում եմ՚: Այսօր աղջիկները տղաներին սիրում ու գնահատում եմ նման բաների համար, ինչը վատ է: Իրենց համար կարևոր է, որ տղան գա լավ մեքենայով, մեջից մեծ ծաղկեփունջ իջեցնի ու նման բաներ: Ինձ համար կարևորը խոսքն ու ջերմությունն են: Էդ ծաղիկները թառամելու են, բայց քո անկեղծ շփումը, նվիրումը մնալու են:
- Հիմա սիրտդ զբաղվա՞ծ է:
- Հիմա՝ ոչ: Մեծ սեր եղել է, բայց կոտրվել է: Չստացվեց, մեր կյանքի գծերը նույնը չէին: Երևի ճիշտը դա էր:
- Հետագայում աշխատանքային ի՞նչ ծրագրեր ունեք:
- Հետագայում չեմ ուզում սերիալում նկարահաանվել, բայց դեռ փնտրում եմ ռեժիսոր, պրոդյուսեր, ստեղծագործական կազմ: Ֆինանսական առումով նաև մի քիչ կաղում եմ: Բոլոր փակագծերը դեռ չեմ ուզում բացել: